The National Interest-ը գրում է. 2016-ին ներքին անվտանգությունը Թուրքիայի համար դարձել է առաջնահերթ: Ահաբեկչությունների հետևանքով զոհերի թվի աճը և Թուրքիայի տնտեսության վնասը Էրդողանի համար միաժամանակ և մարտահրավերներ են, և հրաշալի հնարավորություն: Նա հանդես է գալիս երկրի հիմնական օրենքում փոփոխությունների օգտին, որ հասնի խորհրդարանից նախագահին քաղաքական գործադիր իշխանության հանձնմանը: Էրդողանն արդեն իր երկրում օժտված է որոշումներ կայացնելու անսահմանափակ իրավունքներով պաշտոնական ու ոչ պաշտոնական մեխանիզմների և կապերի լայնատարած, անթափանց համակարգի միջոցով: Սակայն Էրդողանի նկրտումների ճանապարհին կան խոչընդոտներ: Թուրքիայում գոյություն ունի նախագահի նկրտումները սանձող միանգամայն իրական քաղաքական ընդդիմություն, թեպետ ի զորու չէ իշխանություններին ձեռնոց նետելու: Էրդողանի վարչակազմին շարունակ մեղադրում են կաշառակերության և հովանավորչության մեջ: Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները զգուշանում են, որ Էրդողանը, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, անխնա կհետապնդի հակառակորդներին: Եթե հավատալու լինենք ասեկոսեներին, Էրդողանը մտադիր է սահմանադրության մեջ փոփոխությունների գործընթացը սկսել մինչև ամառ, սակայն մինչ այդ պետք է վարկաբեկի ընդդիմախոսներին: Այդ պատճառով էլ նա սկսել է հարձակվել այնպիսի քաղաքական ուժերի վրա, ինչպիսիք են Հանրապետական ժողովրդական կուսակցությունը՝ ՀԺԿ-ն, Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը՝ ԺԴԿ-ն, և Գյուլենի ենթադրյալ հետևորդների՝ չափավոր իսլամական խմբավորման վրա, որի դեմ Էրդողանը սկսեց պայքարել, երբ նրանք 2013-ին դատական համակարգում Էրդողանի ընտանիքի և համախոհների դեմ հետաքննություն նախաձեռնեցին: Էրդողանն ինքնամոռաց խաղի մեջ է մտել: Նա գիտի, որ ՀԺԿ-ի և ԺԴԿ-ի անդամները հազիվ թե աջակցեն իրեն, հատկապես վերջին տարիներին իր ստեղծած բևեռացված ներքաղաքական մթնոլորտում: Իր ջանքերը նա ուղղում է այն միակ կուսակցությանը, որտեղ դեռևս խիստ նկատողությունների շարան չի սկսել. Դևլեթ Բահչելիի ղեկավարած Ազգայնական շարժում կուսակցությանը՝ ԱՇԿ-ին: Թեպետ Էրդողանի նախկինում ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ ԱԶԿ-ի և ԱՇԿ-ի միջև կան քաղաքական տարաձայնություններ, նրանք նման ընտրազանգվածներ ունեն՝ ազգայնական և պահպանողական հայացքներ ունեցող թուրքերը: Էրդողանը՝ որպես նախագահ, ամուր դիրքեր ունի: Նա ԱԶԿ-ում անվիճելի հեղինակություն է վայելում: Նրա կուսակից խորհրդարանականները շնորհակալ են իրեն հովանավորչության համար: Եթե նա մտադիր է մոբիլիզացնել բոլոր ռեսուրսները և սահմանադրության մեջ փոփոխությունների արշավ ծավալել, խոչընդոտի չի հանդիպի կուսակիցների շրջանում: Նրա կարծիքով՝ թուրքական ընդդիմադիր ուժերի չեզոքացմամբ կլուծվի նախագահի գործադիր իշխանության հարցը: Մեծահոգությունը և ինքնատիրապետումը Էրդողանի համար անթույլատրելի են: Թուրքիայի տնտեսությունը տառապում է գնաճից. կասկած կա, որ նախագահը ճնշում է գործադրում կենտրոնական բանկի վրա, որ չավելացնի տոկոսադրույքները: Գործազրկությունը երկրում մարտին վերջին 10 ամիսների ամենաբարձր ցուցանիշն է գրանցել, իսկ Ռուսաստանի հետ շարունակվող դիվանագիտական վեճը, սիրիացի փախստականներին աջակցելը և ահաբեկչությունների հետևանքով զբոսաշրջային ոլորտի ճգնաժամը հերքում են ԱԶԿ-ի տնտեսական իրավասության Էրդողանի հայտարարությունները:
ԶԼՄ-ներում այլակարծության ճնշումը հիմնականում պայմանավորված է նրանով, որ 2014-15 թթ. պետությունը բռնագրավել է Գյուլենի շարժմանը աջակցող մեդիահոլդինգները, և ԶԼՄ-ներում պաշտոնական գծին հակազդող տարածքը օրեցօր նեղանում է: Ներքաղաքական հակամարտության թեման փոխարինելով թուրքական քաղաքական ընդդիմությունից եկող ենթադրյալ ահաբեկչական սպառնալիքով՝ Էրդողանը միաժամանակ կարող է շեղել ուշադրությունը իր տապալված վարչակազմից և ուժեղ քննադատության ենթարկել ընդդիմախոսներին՝ ընդհուպ մինչև դատական պատասխանատվության ենթարկելը: Ահաբեկչությունը Թուրքիայում միանգամայն իրական սպառնալիք է, սակայն իշխանություններն օգտագործում են քաղաքական նախագծի շրջանակներում, որ թուլացնում է պետության կայունությունը: