ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Հիլարի Քլինթոնին իր հաջորդն է կոչել: Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողների ասոցիացիայի ավանդական ընթրիքի ժամանակ ելույթում նա ասել է: «Հաջորդ տարի ուրիշ մեկն այստեղ կանգնած կլինի, և մնում է միայն գուշակել, թե ով է այդ կինը»,- նշել է Օբաման: Նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հաջորդ տարվա հունվարին: Օբաման ծաղրել է հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին՝ ասելով, որ իրեն «փոքր-ինչ տխրեցրել է» ընդունելությանը Թրամփի բացակայությունը: «Հավանաբար՝ այս ճաշը չափազանց անճաշակ է Դոնալդի համար: Հնարավոր է՝ հիմա նա իր տանը Թրամփ-սթեյք է ուտում և Twitter-ում վիրավորական գրառումներ է կատարում Անգելա Մերկելի հասցեին»,- հեգնել է նախագահը: Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է հանրապետականների քննադատության մասին: «Նրանք ասում են, որ Թրամփն արտաքին քաղաքականության մեջ փորձ չունի՝ նախագահ դառնալու համար: Հանուն արդարության նշենք, որ նա տարիներ է անցկացրել՝ հանդիպելով ամբողջ աշխարհի առաջնորդների հետ. Միսս Շվեդիա, Միսս Արգենտինա, Միսս Ադրբեջան և այլն»,- հավելել է Օբաման՝ ակնարկելով, որ Թրամփին են պատկանում «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի իրավունքները: Բարաք Օբաման ամփոփել է նախագահի պաշտոնում իր աշխատանքը և խոստովանել, որ տարիներն անում են իրենց գործը, ինքը ճերմակել է, և ծերության մասին մտածելու ժամանակն է: