Քուվեյթի Պետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մայիսի 1-ին հանդիպել է արդարադատության, կրոնական կալվածքների և իսլամական հարցերի նախարար Յաքուբ Աբդ ալ-Մոհսեն ալ-Սանիեի հետ և շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, բարձր գնահատելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները, նշել է, որ արդարադատության ոլորտում համագործակցությունը մեծ դեր ունի բարեկամական հարաբերությունների խորացման հարցում: Նախարարը կարևորել է արդարադատության նախարարությունների միջև ստորագրվելիք համագործակցության փոխըմբռնման հուշագիրը և ընդգծել, որ նոր լիցք կհաղորդի արդյունավետ և բազմակողմ հարաբերություններին: Քուվեյթի Պետության արդարադատության, կրոնական կալվածքների և իսլամական հարցերի նախարարը նշել է, որ այս տարի Երևանում ստորագրված միջպետական համաձայնագիրը սկիզբ է դրել երկու երկրների արդարադատության նախարարությունների համագործակցության խորացմանը: Հանդիպման ավարտին երկու երկրների արդարադատության նախարարները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որն ուղղված է քրեական, քաղաքացիական օրենսդրության, դատական գործերի աջակցության կազմակերպման, իրավական օգնության, իրավաբանական անձանց գրանցման ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությանը: Արփինե Հովհաննիսյանը այցելել է Իրավական և դատական ինստիտուտ, նույն օրը հանդիպել է Քույվեյթի Բարձրագույն դատարանի նախագահի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: