Ժողովրդավարությունները պետք է պաշտպանեն խոսքի ազատությունը, եւ Եվրոպան պետք է հիշի, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն ինքը փախստականների խնդիրը կարգավորող գործարքի կարիք ունի՝ CNN-ում լույս տեսած հոդվածում գրում է Ֆրիդա Գիտիսը: Նա հիշեցնում է հոլանդացի լրագրող էբրա Ումարի հետ կատարված միջադեպը, երբ Թվիթերում էրդողանին քննադատող գրառումների համար Թուրքիայի ոստիկանությունը 15 ժամով ձերբակալել էր: Հարցաքննությունից հետո լրագրողին ազատ էին արձակել, սակայն պահանջել էին չլքել երկիրը, մինչեւ Թուրքիայի իշխանությունները չորոշեն՝ նրա դեմ քրեական գործ հարուցելու են, թե ոչ: Գիտիսի կարծիքով դա այլախոհությունը ճնշելու Էրդողանի քաղաքականության հերթական քայլն էր: Թուրքիայի կառավարությունը վերջերս փակել էր հանրահայտ Zaman թերթը, որը պատկանում էր Էրդողանի քաղաքական հակառակորդին: «Zaman-ը միացավ էրդողանամետ միաձայն երգչախմբին: Թուրքիայի կառավարությունը երկրում ձերբակալել է ամերիկացի, բրազիլացի, գերմանացի լրագրողների, որ փորձում էին լուսաբանել փախստականների թեման: Այդ նույն փախստականների ճգնաժամը Էրդողանին լծակներ է տվել Արեւմուտքի հետ իր հարաբերություններում եւ Արեւմուտքի առաջնորդներին խոցելի դարձրել նրա առաջ»,- գրում է հեղինակը: Գիտիսը նշում է, որ հասկանալի է՝ Եվրոպան մտահոգված է ոչ միայն փախստաանների հոսքով, այլև, որ Թուրքիան ԻՊ-ի դեմ պայքարում իր դաշնակիցն է՝ թույլ տալով ՆԱՏՕ-ի օդանավերին տեղակայվել Թուրքիայի տարածքում: «Սակայն ժողովրդավարությունները պետք է պաշտպանեն խոսքի ազատությունը, եւ Եվրոպան պետք է հասկանա, որ Էրդողանն ինքն էլ փախստականների հարցով գործարքի կարիք ունի: Թուրքիայում խոսքի ազատությունն անհետանում է, այնտեղ ժողովրդավարությունը նույնպես մահանում է: Եթե այլ պետությունները չեն հակազդում Էրդողանին՝ ինչ է անում իր երկրում, գոնե պետք է նրա հարձակումներից պաշտպանեն սեփական երկրների քաղաքացիների խոսքի իրավունքը եւ Էրդողանին հասկացնել տան, որ նրա բռնաճնշումները հետեւանքներ են ունենալու»,- եզրափակում է հեղինակը: