«Անանուն ինտերնացիոնալ» խմբի տրամադրության տակ են հայտնվել ՌԴ հայտնի հաղորդավար Դմիտրի Կիսելյովի էլեկտրոնային փոստի նամակագրությունը, WhatsApp-ի հաղորդագրություները՝ գրում է The Insider-ը: Խումբը նամակագրությունն աճուրդի է հանել 33 բիտքոին՝ 15 հազար դոլար մեկնարկային արժեքով: Նամակագրության որոշ դրվագներ «Անանուն ինտերնացիոնալն» արդեն հրապարակել է: Նամակագրությունը թույլ է տալիս գնահատել հաղորդավարի եկամուտների ծավալը, պատժամիջոցների վերացման համար նրա պայքարը, թե նյութեր պատրաստելիս ում հետ է խորհրդակցում: 2014-ին Կիսելյովը Մոսկվայի Ցվետնոյ բուլվարում 204 քառակուսի մետր մակերեսով բնակարան է գնել, որը, գործարքի համաձայն, 4.6 մլն դոլար է գնահատվում: Նա Կոկտեբելում առանձնատուն եւ գինեգործական տնտեսություն ունի: Առանձնատունը նման է թաունհաուսի՝ 5 սանհանգույցով, վերելակով եւ լողավազանով:Նամակագրությունից հետեւում է, որ Ղրիմում արձակուրդի համար Կիսելյովն ԱՄՆ-ից 48.893 դոլար արժողությամբ մոտորանավակ է գնել: Կիսելյովը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարության ծրագրին: Նամակագրության համաձայն՝ հաղորդումների խորհրդատուն է ՌԴգիտությունների ակադեմիայի սոցիալական փիլիսոփայության բաժնի վարիչ Վալենտինա Ֆեդոտովան: «Անանուն ինտերնացիոնալ»-ի փոխանցմամբ, Կիսելյովն օգտվել է ոչ միայն իր անձնական, այլեւ կնոջ՝ Մարիայի էլեկտրոնային փոստից, որ կլինիկական հոգեբան եւ հոգեբանության դոկտոր է: