Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն կարող է մայիսի 5-ին հայտարարել իր հրաժարականը՝ հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը: Դավութօղլուն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վարչության նիստից հետո մամուլի ասուլիս կանցկացնի, որտեղ կարող է հայտարարություն անել վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին: Քննարկվում է տարբերակ, որ հայտարարությունը կտարածվի առանց մամուլի ասուլիսի:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուի վերջին հանդիպման ընթացքում որոշվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումար անցկացնել։ Թուրքական լրատվամիջոցների պնդմամբ՝ համագումարի ընթացքում որոշվելու է Դավութօղլուի «ճակատագիրը»: Վերջին օրերին լրատվամիջոցները պարբերաբար խոսում են Էրդողան-Դավութօղլու լարված հարաբերությունների մասին՝ նշելով, որ նրանք տարաձայնություններ ունեն տարբեր կարևոր հարցերում: