Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն պաշտոնից հեռանալու ելույթում անդրադարձել է իր և նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հակասությունների մասին խոսակցություններին։ Նա խոսել է Էրդողանի հետ իր լավ հարաբերությունների, իրենց համատեղ ուղու մասին: «Էրդողանի պատիվն իմ պատիվն է, նրա ընտանիքի պատիվը՝ իմ ընտանիքի պատիվը»,- հայտարարել է Դավութօղլուն՝ նշելով, որ ինքը երբեք Էրդողանի հասցեին բացասական որևէ խոսք չի ասի։ Նա հայտարարել է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարին կուսակցության ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունը չի առաջադրելու, հեռանալու է նաև վարչապետի պաշտոնից։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մի խումբ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հրաժարականին։ Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը նշել է, թե հրաժարականի որոշումը եղել է Ահմեդ Դավութօղլուինը։ «Մայիսի 22-ին տեղի է ունենալու կուսակցության արտահերթ համագումար։ Բարով լինի։ Դա վարչապետի որոշումն էր»,-ասել է Էրդողանը։