Այս շաբաթ Թուրքիայի քաղաքական իրարանցման ընթացքում, որը գագաթնակետին հասավ վարչապետի հրաժարականի հայտարարությամբ, Թուրքիայի խորհրդարանում թեժ քննարկման թեմա էր դարձել Օսկար ՈՒայլդը՝ The Guardian-ում գրում է թուրք հայտնի արձակագիր Էլիֆ Շաֆաքը։ Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության անդամը ցանկացել է մեջբերել ՈՒայլդից, սակայն իշխող կուսակցությունից պատգամավորն առարկել է մեկին մեջբերելու գաղափարին, որ ոչ մահմեդական է, ոչ թուրք: «Դու ունե՞ս օրինակներ այս մշակույթից, այս քաղաքակրթությունից»,- ասել է նա: «Երբ նրանք ՈՒայլդի մասին չեն վիճում, հարվածներով են փոխանակվում»,- գրում է Շաֆաքը: Նա հիշեցնում է, որ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, որը կանխամտածված օրենքի փոփոխություն է և կարող է հանգեցնել քուրդ պատգամավորների նկատմամբ դատական գործերի և ձերբակալությունների, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները հայազգի պատգամավոր Կարո Փայլանին հարվածել են և ատելության խոսքեր հղել: Փայլանն ասել է. «Նրանք չեն կարող մարսել, որ հայ ինքնությամբ մարդը բացահայտում է նրանց ստերը և չի ընկրկում»:
«Դժվար է հայ լինել Թուրքիայում: Կամ քուրդ, կամ ալևի, կամ միասեռական կամ զինվորական ծառայությունից կրոնական համոզմունքների համար հրաժարվող, կամ հրեա, կամ կին, կամ մեկը, որ պարզապես համաձայն չէ այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում երկրում: Եթե ստացվի այնպես, որ դուք թվարկածներից մեկից ավելիին եք համապատասխանում, կյանքն էլ ավելի է դժվարանում: Ցանկը կարելի է անվերջ շարունակել: Բազմազանությունը խեղդվել է: Խոսքի ազատությունը՝ վերացվել։ «Նույնության գաղափարախոսությունն» է իշխում երկրում:
Գաղափարախոսությունը ձևավորվում է թուրքական ազգայնականության, իսլամիզմի և ավտորիտարիզմի միջոցով՝ խառնված մաչիզմին և հայրիշխանությանը:
Քաղաքականության լարվածությունը ներխուժում է առօրյա կյանքի բոլոր ասպեկտները»,- գրում է հեղինակը: Շաֆաքը գրում է, որ Թուրքիան այլևս քաղաքականապես բևեռացված չէ, այլ բաժանված է երկու մոլորակի՝ նրանք, ովքեր շարունակում են աջակցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին, և նրանք, ովքեր նրա դեմ են: Իշխող կուսակցության անդամներից սպասվում է անվերապահ հնազանդություն, չկա անգամ ներկուսակցական ժողովրդավարության թույլ նշույլ: Վարչապետ Դավութօղլուի հայտարարությունը զարմացրեց բոլորին, նա ասաց, որ իր հրաժարականն ընտրություն չէր, այլ «անհրաժեշտություն»: Գաղտնիք չէ, որ հաջորդ վարչապետը կլինի մեկը, ում ամբողջապես կվերահսկի Էրդողանը, ով էլ ավելի կկոնսոլիդացնի իր իշխանությունը: Ի վերջո, Էրդողանը ցանկանում է Թուրքիան վերածել նախագահական ռեժիմի՝ իշխանության մենաշնորհով: Երեք տարի առաջ Գեզի պուրակի ցույցերից ի վեր մարդկանց հաճախ և համակարգված վախեցրել են: Միջինը յուրաքանչյուր չորս օրը մեկ Թուրքիայում մեկը դատվում է Էրդողանին վիրավորելու համար՝ նախագահ դառնալուց ի վեր մոտ 2000 մարդ, նրանց թվում են արվեստագետներ, լրագրողներ, ծաղրանկարիչներ, գիտնականներ, անգամ՝ ուսանողներ՝ Facebook-ում մեկնաբանությունների համար: Լրատվամիջոցները և սոցիալական մեդիաները խիստ վերահսկողության են ենթարկվում: «Անցյալում մենք սև հումորի ամուր ավանդույթ ունեինք: Քաղաքականությունը կոշտ էր, սակայն կարելի էր ծիծաղել քաղաքական գործիչների վրա: Այժմ ոչ: Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ Թուրքիայի ժողովրդի միայն կեսն է կարծում, որ նորմալ է հրապարակայնորեն քննադատել իշխանությանը:
Երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Էրդողանին ընդառաջելով թույլ է տալիս գերմանացի կատակերգուների նկատմամբ դատական հետապնդում սկսել՝ Թուրքիայի նախագահին «վիրավորելու» համար, դա հստակ ուղերձ է Թուրքիայի դեմոկրատներին. «Դուք միայնակ եք»: Ի՞նչ եղավ թուրքական մոդելին, որի հետ մենք այդքան հույսեր էինք կապում: Արևմտյան ժողովրդավարության, աշխարհիկության, մեծավ մասամբ մահմեդական մշակույթով և բազմազան հասարակության այդ յուրահատուկ խառնուրդն այսօր դատարկ հռետորություն է: Անգամ ԵՄ-ն, որին մենք՝ թուրքերս, ժամանակին ձգտում էինք, վերածվել է քաղաքական խաղի: Այնուամենայնիվ, Թուրքիան միլիոնավոր գեղեցիկ մարդիկ ունի, ովքեր, չնայած խորապես ընկճված են, բարոյալքված և միայնակ, կապված են իրար հետ ողջ աշխարհում և առաջ են իրենց իշխանությունից: Իսկ խորհրդարանում Օսկար ՈՒայլդից այդ մեջբերո՞ւմը, որն արհամարհվեց: Այն իշխանության գռեհկության մասին էր»,- եզրափակում է Շաֆաքը: