ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի միակ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, անդրադառնալով Մեծ Բրիտանիայի` Եվրոպական միության կազմից դուրս գալու ցանկությանը, ասել է, որ ԵՄ-ն լքելու դեպքում Լոնդոնը միայն կշահի:
«Կարծում եմ, որ բրիտանացիների համար առանց ԵՄ-ի ավելի լավ կլինի: ՈՒզում եմ, որ նրանք ինքնուրույն որոշում կայացնեն »,- ասել է նա։ Fox News-ի հետ զրույցում միլիարդատերը մանրամասնել է, որ իր հայտարարությունը պետք չէ դիտարկել որպես խորհուրդ: Մեծ Բրիտանիայի վերաբերյալ իր տեսակետի հիմնավորման համար Թրամփը խոսել է օրհասական դարձած փախստականների ճգնաժամից` ասելով. «Կարծում եմ՝ միգրացիան սարսափելի երևույթ է Եվրոպայի համար: Ներգաղթյալների այսպիսի մեծ ներհոսքը դեպի եվրոպական երկրներ` Մեծ Բրիտանիա, հիմնականում պայմանավորված է ԵՄ քաղաքականությամբ»: