Թուրք վերլուծաբան Ահմեդ Հաքանը «Հուրիեթ»-ում անդրադարձել է Թուրքիայի վարչապետի պաշտոնից Ահմեդ Դավութօղլուի հեռանալուն. «Ոմանք ախտորոշում են տվել. «Սա հեղաշրջում էր»։ Բայց սպասեք, ի՞նչ հեղաշրջում: Այսինքն՝ ի՞նչ, նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն Ահմեդ Դավութօղլուի գլխին զենք է պարզել, «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջ զինվորական ո՞ւժ է ուղարկել։ Ահմեդ Դավութօղլուն չէ՞ր կարող ասել. «հրաժարական չեմ տալիս, ինձ ընտրել են, ինձ ժողովուրդն է բերել, ժողովուրդն էլ կտանի»։ ԱԶԿ-ն չէ՞ր կարող ասել. «Մեր ղեկավարի փոփոխվել-չփոփոխվելու հարցը մենք ենք որոշելու»։ Սակայն ի՞նչ են ասում։ Ահմեդ Դավութօղլուն ասում է. «Պաշտոնը թողեցի, բայց նախագահին հավատարիմ եմ»։ ԱԶԿ-ն ասում է. «Շեֆն ինչ ասի, դա կլինի»։ Նման իրադրության մեջ ինչպե՞ս է ստացվում, որ «հեղաշրջումից» եք խոսում։ Ոչ մի հեղաշրջում էլ չկա մեջտեղում։ Իսկ ի՞նչ կա։ Բոլոր լիազորությունները մի մարդու ինքնակամ հանձնող, այդ իրադրությունից անգամ մի փոքր չանհանգստացող մի պատվիրակություն կա։ Իսկ այդ իրադրությունը, ժողովրդավարության առումով, առնվազն հեղաշրջման չափ պետք է մտահոգի մեզ։ Որոշ հարցեր են առաջանում՝
Առաջին- Այսպես թե այնպես, լավ թե վատ, առողջ թե մասնատված մի Սահմանադրություն ունեինք, ի՞նչ եղավ դրան։
Երկրորդ- Ահմեդ Դավութօղլուն ի՞նչ չկարողացավ անել։ ԱԶԿ-ի որևէ պաշտոնյա դա կարո՞ղ է բացատրել երկրին։
Երրորդ- Լավ, եթե կուսակցության ղեկավարին ու առաջնորդին որոշելու հարցն առաջնորդինն է, արտահերթ համագումարի թատրոնի կարիքը կա՞ր։
Չորրորդ- Բոլոր նրանք, ովքեր ասում են «Էրդողանն ինչ ասի, դա է լինելու», կկարողանա՞ն պատասխանել «Էրդողանը չի՞ կարող սխալվել» հարցին։
Դավութօղլուի «ամենա»-ները
Ամենամեծ սխալը - Այն, ինչ իրեն տրվել է, իր ձեռքբերումն է համարում. և միշտ այդ հոգեվիճակով է առաջնորդվում։
Ամենասխալ քայլերը- Էրդողանին նմանվելու փորձը. նրա պես բղավելը, նրա նման վանդակավոր կոստյում հագնելը:
Ամենամեծ խնդիրը- Մի քիչ ավելի հավակնոտ, մի քիչ ավելի գիտակ, մի քիչ ավելի ինքնավստահ լինելը։
Ամենաանպետք պնդումը- Փողոցում երեխաներն անգամ Սիրիայի հարցում երկրի վարած քաղաքականությունն անհաջող են համարում, սակայն նա չի նահանջում։
Ամենառիսկային քայլը- Բարաք Օբամայից ժամադրություն խնդրելը։
Գնացողը հոժար է, ուղարկողը՝ նույնպես
Դավութօղլուի հետևից ափսոսացողներին եմ դիմում. Ընկերներ, նրա հրաժեշտի ելույթը լսեցինք։ Որքանով հասկանում ենք՝ «գնացողը հոժար է, տանողը՝ նույնպես»։ Այդ դեպքում Դավութօղլուի հետևից սգալու ի՞նչ կարիք կա»։