ԱՄՆ Պետդեպարտամենտը դատապարտել է Թուրքիայում ընդդիմադիր լրագրողների ազատազրկումը՝ ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբիի հաղորդագրության մեջ. «ԱՄՆ-ն անհանգստացած է թուրքական ընդդիմադիր Cumhuriyet թերթի գլխավոր խմբագրի և Անկարայում պարբերականի բյուրոյի ղեկավար Էրդեմ Գյուլի ազատազրկման առնչությամբ, որ մեղավոր են ճանաչվել իրենց լրագրողական գործունեության ընթացքում պետական գաղտնիքներ բացահայտելու համար»: Մեղադրական դատավճիռների կապակցությամբ ԱՄՆ-ը կոչ է արել թուրքական իշխանություններին աջակցություն ցուցաբերել անկախ և ոչնչով չսահմանափակվող ԶԼՄ-ներին, «ինչը ժողովրդավարական և բաց հասարակության անբաժանելի մասն է կազմում»: «Լինելով Թուրքիայի բարեկամը և ՆԱՏՕ-ի շրջանակում նրա դաշնակիցը` մենք կոչ ենք անում նրան հետևել սահմանադրական և ԵԱՀԿ-ի շրջանակում ժողովրդավարության ոլորտում ստանձնած պարտավորություններին»,- նշել են գերատեսչությունում:
Թուրքական դատարանը Hürriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին և լրագրող Էրդեմ Գյուլին դատապարտել է 5 տարվա ազատազրկման` պետական գաղտնիքներ հրապարակելու համար: Դյունդարը և Գյուլը ձերբակալվել էին անցած տարվա նոյեմբերին` Սիրիայի իսլամիստներին գաղտնի զենք մատակարարելու մասին հոդված հրապարակելու պատճառով: Ըստ հրապարակման՝ զենքի մատակարարումն իրականացրել է թուրքական հետախուզությունը: