Ապրիլյան քառօրյա պատերազմը սառեցրել է ղարաբաղյան մի քանի սերունդ տևող հակամարտությունը՝ Politico Europe թերթում գրում է բրիտանացի լրագրող և վերլուծաբան Թոմաս դե Վաալը: «Զինադադարը ապրիլի 2-ին ճաք է տվել, և ամենահավանական պատճառը Ադրբեջանի փորձն էր՝ հայերի պաշտպանությունը ստուգելու և նրանց ստիպելու ավելի թույլ դիրքերից բանակցությունները վարելու: Ադրբեջանցի զինվորականները վերադարձրել են կորցրած տարածքների չնչին պատառիկներ, կորցրած հպարտության մեծ մասը»,- կարծում է վերլուծաբանը:
Սակայն մարդկային գինը բարձր էր: Պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը հասնում է 200-ի, զոհվել են նաև քաղաքացիական անձինք: Քառօրյա պատերազմը զայրույթի պոռթկում է առաջացրել. ադրբեջանցիները մինչև հիմա նվաստացած են զգում իրենց պարտության պատճառով: Երկիրը հայրենասիրական էյֆորիա է ապրել, որն օգտակար է սոցիալ-տնտեսական ճգնաժամից մարդկանց ուշադրությունը շեղելու համար, որի հետևանքով մանաթն անցյալ տարվա համեմատությամբ արժեզրկվել է երկու անգամ:
«Հսկայական գայթակղություն կա և, ինչը հատկապես անհանգստացնում է, հասարակական ճնշում՝ հարձակումը ևս մեկ անգամ կրկնելու»,- գրում է վերլուծաբանը: Նրա խոսքերով՝ ազգային զգացմունքների ալիք է բարձրացել նաև Հայաստանում, որտեղ երիտասարդ հայերը կամավոր միացել են զինված ուժերին: Երկու կողմերի մասսայական զինվածության պարագայում նոր բախումը հեշտությամբ կարող է վերաճել ավելի կործանարար պատերազմի, քան 1991-94 թվականներինն էր: Բաքուն և Երևանը կարող են հենվել Թուրքիայի և Ռուսաստանի հետ կնքած ռազմական օգնության պայմանագրերի վրա, սակայն այդ երկրները չեն ուզում մասնակցել և գտնվում են մեծ ճնշման տակ, որ կատարեն իրենց պարտավորություններն այդ տարածաշրջանում: Բացի դրանից՝ անհանգստության աճ կա նաև հարևան երկրներում: Օրինակ՝ Վրաստանում, որտեղ ապրում են թե հայեր, թե ադրբեջանցիներ: Այդ երկրի տարածքով անցնող Բաքու-Ջեյհան-Թբիլիսի նավթամուղը նույնպես կարող է թիրախ դառնալ: Անվտանգության վակուումը կարող է լցվել կամ լուրջ խաղաղ բանակցություններով, կամ խոշոր ընդհարումներով:
Ինչ վերաբերում է Մինսկի խմբի ձևաչափով բանակցություններին, ոչ նախագահ Ալիևը, ոչ էլ Սերժ Սարգսյանը ոչ մի կառուցողական, կամ հաշտեցնող առաջարկ չեն արել: Իսկ Մինսկի խմբի երեք համանախագահների՝ Ֆրանսիայի, ՌԴ և ԱՄՆ-ի համեստ առաջարկները սովորաբար մերժվել են հակամարտող կողմերը: Վերլուծաբանը կարծում է, որ Ադրբեջանը նոր խաղաղ բանակցություններ է ուզում և օգտագործում է իր զինված ուժերը որպես լծակ, միևնույն ժամանակ Հայաստանը չի ուզում համաձայնել ռազմական ճնշմամբ պարտադրված որևէ բանի և պահանջում է «անվտանգության երաշխիք»: «Հնարավո՞ր է զսպել ճգնաժամը, նախքան լարվելը: Մենք առաջին հերթին պետք է մարտահրավեր նետենք այն նախապաշարմունքին, որ Ռուսաստանը կարող է լցնել անվտանգության վակուումը և կառավարել հակամարտությունը»,- գրում է հոդվածագիրը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը միաժամանակ և միջնորդ է, և հակամարտության ապակայունացնողը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռությունը նշանակում է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ օրակարգ սահմանել Ղարաբաղում: Երևանը և Բաքուն կասկածով են վերաբերվում Ռուսաստանի մտադրություններին, և երկու կողմերն էլ կարող են խափանել Ռուսաստանի՝ տարածաշրջանում իր ազդեցությունն ամրապնդելու համար խաղաղապահներ տեղակայելու ծրագրերը: «Այդպիսով՝ ընդհանուր վստահությունը, որ եթե իրավիճակը վատանա, Ռուսաստանը կարող է գլուխ հանել, տեղին չէ: Դա խնդիր է նաև ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համար: Երկրներից ոչ մեկն անհրաժեշտ քայլեր չի արել, որ միջազգային հավասարակշռող ծրագիր առաջարկի»,- գրում է Դե Վաալը: Նրա կարծիքով՝ եթե առաջընթաց չգրանցվի, ռազմական գործողություններն ամենայն հավանականությամբ կսկսվեն Ադրբեջանում Ֆորմուլա-1-ի ավարտից հետո՝ հունիսի վերջին:
«Մենք միայն կարող ենք հույս ունենալ, որ տարածաշրջանում ակտիվացող պատերազմական գործողությունների հեռանկարը և նրա հետևանքները կսրեն հակամարտության լուծմանն ուղղված ուշադրութունը, որն անտեսվել է բավականին տևական ժամանակ»,- գրում է հեղինակը: