Եվրամիությունը և Թուրքիան չեղյալ են հայտարարել մայիսի 13-ին Բրյուսելում բարձր մակարդակի երկկողմ հանդիպումը, որի ընթացքում նախատեսվում էր ի թիվս այլ հարցերի քննարկել Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հարցը՝ հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը: «Ուրբաթ օրը նախատեսված հանդիպումը տեղափոխելու մասին որոշումը կայացվել է համատեղ»,- ասել է նա լրագրողներին՝ հայտնելով, որ նոր հանդիպման ամսաթիվը դեռ չի նշանակվել: Որոշման պատճառները Կոսյանչիչը չի նշել: Անցած չորեքշաբթի Եվրահանձնաժողովն առաջարկել է Եվրախորհրդարանին և ԵՄ խորհրդին վերացնել Թուրքիայի քաղաքացիների համար վիզային սահմանափակումները, եթե Անկարան մինչև հունիսի վերջ կատարի վիզաների չեղարկման պայմանները: