ՈՒժեղ, հասուն քաղաքական ուժերի առկայությունն այս փուլում կարևոր է Հայաստանի համար՝ ԵԺԿ-ի 40-ամյակին ընդառաջ ՀՀԿ-ի նախաձեռնած «Եվրոպական քաղաքական դաշտը և հայկական կուսակցությունները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Ըստ նրա՝ Հայաստանում տեղի ունեցավ կարևոր փոփոխություն՝ անցում խորհրդարանական կառավարման համակարգի, որտեղ կուսակցությունները մեծ դերակատարում ունեն: «Մենք չգիտենք՝ երբ ու ինչպես այս փոփոխությունները զարգացում կապրեն, բայց, իմ կարծիքով, այն կայունացման գործոն է շատ պետությունների քաղաքական դաշտի համար»,- նշեց նա՝ ավելացնելով, որ նոր Սահմանադրությունը նոր գլուխ է բացել Հայաստանի քաղաքական կյանքում: Պյոտր Սվիտալսկին նշեց, որ անցումը նախագահական մոդելից խորհրդարանական կառավարման համակարգի լուրջ նախադրյալներ ունի կուսակցությունների համար:
«Ես մասնակցել եմ շատ քննարկումների, որոնք կապված են տարածաշրջանի պետությունների կառավարմանը: Վերջերս մասնակցեցի մի քննարկման՝ Վրաստանի ընտրությունների հետ կապված: Այնտեղ հատկապես երիտասարդներից լսել եմ քննադատական մեկնաբանություններ քաղաքական կուսակցությունների մասին, զանգեր եմ ստացել, որոնք արտացոլում են զայրույթ, դժգոհություն: Իսկ Հայաստանը մի փուլում է, երբ ուժեղ, հասուն, լավ կազմակերպված կուսակցությունները կարևոր են: Ցանկանում եմ, որ Հայաստանը զարգացնի, ստեղծի ուժեղ կուսակցական մոդելներ՝ քաղաքացիներին առաջարկելով լայն ընտրություն: Կուսակցությունները հենց դրա համար են, որ ընտրության հնարավորություն տան: Ընտրությունը կարող է տարբեր լինել՝ գաղափարի, անձի վրա հիմնված և այլն: Դուք ավելի լավ կիմանաք, քան ես, բայց վստահ եմ, որ խաչմերուկային այս փուլում կառուցողական պիտի լինեն նրանց բոլորի մասնակցությունը, դերակատարությունը»,- շեշտեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:
Սվիտալսկին ասաց, որ օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները պետք է լինեն առանցքային: Դեսպանը հույս հայտնեց, որ առաջիկա ընտրություններում և հետո, չնայած խնդրահարույց հարցերին՝ կապված անվտանգության, հակամարտության իրական սպառնալիքի հետ, ՀՀ-ն ցույց կտա ընդհանուր արժեքների վաղեմության գաղափարը: «Ինչպես միշտ Հայաստանի նախագահը շեշտադրում է, որ Հայաստանը ցանկանում է կապի մեջ լինել Եվրոպայի հետ ընդհանուր արժեքների հիման վրա: Կարծում եմ, որ Հայաստանի համար դժվարին փուլ է, հայերն ուզում են ցույց տալ, որ Եվրոպայի օրինական անդամ են ոչ միայն հարուստ քաղաքակրթությամբ, գեղեցիկ ինքնությամբ, այլև հետևելով ընդհանուր արժեքներին»,- նշեց Պյոտր Սվիտալսկին: