Նոր Զելանդիայի խորհրդարանի խոսնակ Դևիդ Քարտերը վարչապետ Ջոն Քեյին խնդրել է լքել նիստերի դահլիճը՝ քննարկումների ընթացքում կանոնները խախտելու պատճառով։ Ընդդիմության ներկայացուցիչները վիճել են Քեյի հետ նրա պնդման վերաբերյալ, թե Greenpeace էկոլոգիական կազմակերպությունը ներառված է «պանամական թղթապանակում»։ Greenpeace-ի ներկայացուցիչը վարչապետին հարցրել է, թե չի՞ ցանկանում ներողություն խնդրել իր խոսքերի համար, Քեյը պատասխանել է, թե ներողություն խնդրելու բան չունի։ Երբ ընդդիմախոսները բարձրացրել են ձայները, խոսնակ Դևիդ Քարտերն անջատել է վարչապետի խոսափողն ու վիճաբանության մասնակիցներին կոչ արել հետևել կարգին, Քեյը շարունակել է բղավել իր ընդդիմախոսի վրա։ Խոսնակը վարչապետին խնդրել է հեռանալ նիստերի դահլիճից։ Նա նշել է, որ նախօրեին վարչապետը խախտել էր կարգն ու նախազգուշացում ստացել։ Նման դեպք Քեյի վարչապետության ընթացքում տեղի է ունեցել առաջին անգամ, սակայն ավելի վաղ, երբ նա գլխավորում էր ընդդիմությունը, նրան 3 անգամ դուրս են հրավիրել խորհրդարանի նիստերի դահլիճից։