Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը Բուքինգհեմյան պալատի այգում կազմակերպված ընդունելության ժամանակ ասել է, որ անցած տարի Լոնդոն այցելած չինացի դիվանագետներն իրենց «չափազանց կոպիտ» են պահել:
The Guardian-ը գրում է, որ միապետը թեմային անդրադարձել է Լոնդոնի ոստիկանապետ Լյուսի Դ’Օրսիի հետ զրույցում: Երբ թագուհուն ներկայացրել են կին ոստիկանապետին` մանրամասնել են, որ հենց Դ’Օրսին է անցած տարի գլխավորել Չինաստանի նախագահ Սի Ձինպինի պատվիրակության անվտանգության ապահովման թիմը։ «Օ, Ձեր բախտը չի բերել»,-ասել է թագուհին` չնկատելով, որ իրեն տեսանկարահանում են: «Նրանք շատ կոպիտ են եղել դեսպանի հետ»,- շարունակել է միապետը` նկատի ունենալով Չինաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Բարբարա Վուդվորդին:
Դ’Օրսին համաձայնել է թագուհու հետ` հավելելով, որ մի պահ չինացի դիվանագետներն անսպասելիորեն հեռացել են` հայտարարելով, որ այցն ավարտված է: «ՈՒղղակի անհավատալի է»,- արձագանքել է Էլիզաբեթ 2-րդը: «Այո, կոպիտ ու ոչ դիվանագիտական պահվածք էր»,- ասել է ոստիկանապետը: