«Ինտերֆաքս-Ազերբայջան»-ը տեղեկացնում է, որ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը մայիսի 17-ին կմեկնի Բաքու: «ՌԴ փոխվարչապետը Բաքվում բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի ղեկավարության հետ: Այցի շրջանակում, մասնավորապես, կքննարկվի մայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սպասվող այցն Ադրբեջան», - իր «լավատեղյակ» աղբյուրի խոսքերն է մեջբերում գործակալությունը՝ հավելելով. «Կողմերը կքննարկեն նաև ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը»: Կրեմլից փոխանցել են՝ այս ամիս Ռուսաստանի նախագահի Ադրբեջան այց ծրագրված չէ: ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրը համակարգող փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը վերջին անգամ Բաքու էր այցելել քառօրյա պատերազմից անմիջապես հետո:
Այցի նպատակը Ռուսաստանից Ադրբեջան սպառազինության մատակարարման որոշ խնդիրներ քննարկելն էր: Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ Կրեմլին ուղղված՝ Հայաստանից հնչող քննադատություններին Ռուսաստանի փոխվարչապետը հենց Բաքվից էլ պատասխանեց. «ՌԴ-ն շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին»: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բաքուն պատրաստվում է Ռուսաստանից զենքի հերթական խոշոր խմբաքանակ և ռազմական տեխնիկա գնել: Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը հակադարձել էր Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններ իրականացնող Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը շարունակելու պնդումներին. «Ցույց տվեք փաստաթղթեր, ցույց տվեք տվյալներ, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին»:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա զախարովան անդրադառնալով դեսպան Վոլինկինի այս հայտարարությանը՝ ասել է. «Պետք չէ փորձել նյուանսներ որսալ այդ խոսքերում, երկրորդական, երրորդական և այլ իմաստներ: Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցություն է իրականացնում միջազգային իրավական հստակ հիմքի վրա»: Ի պատասխան հայ լրագրողի հարցի նա ասել էր. «Մենք հրաշալի հասկանում ենք իրավիճակի բարդությունը և գիտակցում ենք, թե ինչ մեթոդներ, իրականում նաև ոչ միայն խոսքով, կարող են հանգեցնել իրավիճակի հանդարտեցմանը: Խոսքը նախևառաջ կարգավորման քաղաքական-դիվանագիտական մեթոդների մասին է»: