Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմի ԵՄ մուտք գործելու համաձայնագիրը կարող է տապալվել, եթե Թուրքիան չկատարի բոլոր պայմանավորվածությունները՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը՝ հայտնում է BBC-ն։ «Մենք վստահ ենք, որ կարևոր է կատարել այդ պայմանները։ Հակառակ դեպքում ԵՄ-ի և Թուրքիայի միջև այդ համաձայնագիրը չի կայանա»,- ընդգծել է նա։ Յունկերը Թուրքիայի հակաահաբեկչական օրենսդրության փոփոխությունը վիզային ռեժիմի ազատականացման նախապայման է համարում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հրաժարվում է ու ԵՄ-ին կեղծավորության մեջ է մեղադրում։
«Եթե նախագահ Էրդողանը որոշել է մերժել քաղաքացիների՝ Եվրոպայում ազատ ճանապարհորդելու իրավունքը, պետք է դա բացատրի Թուրքիայի քաղաքացիներին։ Դա ոչ թե իմ, այլ նրա խնդիրն է»,- ասել է Յունկերը։ Բրյուսելը կասեցրել է Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների չեղարկման պայմանագրի վրա աշխատելը։ Ի պատասխան Էրդողանը Եվրամիությանը սպառնացել էր Եվրոպա վերադարձնել բոլոր փախստականներին, եթե Բրյուսելը թուրքերի համար առանց վիզային ռեժիմ չսահմանի։