Այսօր «Կառավարություն-Քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն համաժողովում բացման խոսք ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նա նշեց, որ Հայաստանի համար կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի ազգային միասնության թեմա, որ կներառի կառավարությունը, քաղաքական կուսակցությունները, քաղաքացիական հասարակությունը: «Ես կարծում եմ, որ այս միջոցառումը ցույց է տալիս, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է դառնա Հայաստանի համար առաջնահերթություն: Կարող ենք հիշել վարչապետի վերջին հայտարարությունը, որով նա դժգոհություն հայտնեց կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներից:
Կարծում եմ, որ այս հարցը Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի, սա ազգային անվտանգության հարց է Հայաստանի համար, կոռուպցիան թուլացնում է Հայաստանը»,- ասաց նա: Սվիտալսկին սպասում է տեսանելի փոփոխությունների։ Նա ասաց, որ կառավարությունը կարևոր փաստաթղթեր է ընդունել, հակակոռուպցիոն խորհուրդ է ստեղծել և, իր կարծիքով, քաղաքացիական հասարակությունը և կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարում ընդհանուր ընկալում ունեն: «Հայ ժողովուրդը տեսանելի ապացույցներ է ակնկալում, որ կոռուպցիայի դեմ պայքարն առաջընթաց է ապրում»,- ասաց նա: ԵՄ-ն 15 միլիոն եվրո է հատկացրել կոռուպցիայի դեմ պայքարին, սակայն այդ գումարը դեռ բաշխված և ծախսված չէ: «Մենք բաց և անկեղծ ենք մեր գործընկերներ հետ։ Կան պայմաններ և մենք պետք է արդյունքներ տեսնենք»,- ասաց նա:
Արդյունքներ չտեսնելու դեպքում գումարը չեն հատկացնի: Նա հույս հայտնեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը նոր ընթացք կստանա և արդյունքները շոշափելի կլինեն: Պյոտր Սվիտալսկին անհրաժեշտ համարեց անկախ, ուժեղ մարմնի ստեղծումը, որը կպայքարի կոռուպցիայի դեմ: «Հուսով եմ, որ ձեռքբերումներ կլինեն։ Հավատացած եմ, որ նախարարը կարևորություն է տալիս այս հարցին, բայց մեզ պետք է գործողություն, փաստ, ձեռքբերումներ»,-շեշտեց ԵՄ պատվիրակության ղեկավարը