Ռուսաստանը չի պաշտպանի այն պարտավորությունները, որոնք կընդունվեն մայիսի 23-24-ին Ստամբուլում կայանալիք Մարդասիրական հարցերի առաջին համաշխարհային գագաթնաժողովում, քանզի կարծում է, որ ՄԱԿ-ի քարտուղարությունը պատշաճ չի նախապատրաստել համաժողովը՝ անտեսելով Մոսկվայի տեսակետները՝ ասված Է ՌԴ պատվիրակության նամակում, որը տարածվել է ՄԱԿ-ի անդամ պետությունների շրջանում:
ՌԴ պատվիրակությունը հայտնել է, որ 2014-ին գագաթնաժողովի անցկացման հայտարարման պահից իրական հնարավորություն չի ունեցել իր դիրքորոշումների հաշվառման հասնելու «հանգուցային պարտավորությունների հավաքակազմում, որոնք այժմ ներկայացնում են գագաթնաժողովի հիմնական արդյունքը»: Ավելի վաղ ՄԱԿ-ում հայտնել են, որ Ստամբուլի գագաթնաժողովին սպասվում են 6 հազար մասնակիցներ, ՄԱԿ-ի ավելի քան 110 անդամ պետությունների պատվիրակություններ, ոչ կառավարական կազմակերպությունների և մասնավոր հատվածի ընկերությունների ներկայացուցիչներ: Համաժողովի շրջանակներում տեղի կունենա 130 միջոցառում: Համաժողովին իրենց մասնակցությունը հավաստել են աշխարհի մի շարք ղեկավարներ, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Ընդհանուր առմամբ սպասվում է պետությունների և կառավարությունների առնվազն 50 ղեկավարների ժամանում: «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը մայիսի 5-ին հայտարարել է գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելու մասին՝ պատճառաբանելով, որ այն չի օգնի վերջ դնել միջազգային իրավունքի խախտումներին։