Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են բանակցությունների հաջորդ փուլի վերաբերյալ՝ ասված է ՌԴ արտգործնախարարի, ԱՄՆ-ի պետքարտուղարի և Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղարի համատեղ հայտարարության մեջ: Բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի հունիսին, փոխադարձ համաձայնեցված վայրում՝ համընդգրկուն կարգավորման հասնելու շուրջ բանակցությունների վերսկսման նպատակով:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը՝ ներկայացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, հանդիպել են մայիսի 16-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու նպատակով։ Նրանք վերահաստատել են, որ չի կարող լինել հակամարտության ռազմական լուծում: Համանախագահող երկրների ներկայացուցիչները հաստատել են 1994 և 1995 թվականների հրադադարի համաձայնագրերը հարգելու կարևորությունը: