Բաքուն դեմ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի լիազորությունների ավելացմանը: Ադրբեջանական ANS գործակալությանը տված մեկնաբանության մեջ ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը: Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը` նա ասել է.
«Անջեյ Կասպրշիկի լիազորություններում առարկայական փոփոխություններ չեն կարող լինել: Հայտարարության մեջ ասվածը Մինսկի խմբի դիրքորոշումն է, մենք այս հարցում որևէ պատասխանատվություն չենք վերցրել մեզ վրա»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները Վիեննայում մայիսի 16-ին կայացած հանդիպման արդյունքներով հայտարարություն էին տարածել: Հայտարարության մեջ ասվում էր. «ԱՄՆ-ի պետքարտուղար Ջ. Քերին, ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովը, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Ա. Դեզիրը, ներկայացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, մայիսի 16-ին հանդիպել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` առաջ մղելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Նրանք վերահաստատել են, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի և պնդել են 1994-ի զինադադարի և 1995-ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը:
Նախագահները վերահաստատել են հանձնառությունը հրադադարի պահպանմանն ու հակամարտության խաղաղ կարգավորմանը: Հետագա բռնությունների ռիսկը կրճատելու համար նրանք համաձայնել են հնարավորինս կարճ ժամանակում ամբողջացնել հետաքննության մեխանիզմների ներդրումը: Նախագահները նաև համաձայնել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման շուրջ»: