ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեռախոսով քննարկել են իրադրությունը Սիրիայում և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը։
«Նախագահները քննարկել են իրադրությունը Սիրիայում, համաձայնել, որ պետք է շտապ քայլեր ձեռնարկել ԻՊ-ի ոչնչացման, Թուրքիայում, Եվրոպայում և դրա սահմաններից դուրս ԻՊ-ի կողմից իրականացվող ահաբեկչությունները կանխելու համար»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։ Օբաման կարևորել է Սիրիայում հրադադարի պահպանման հարցում միջազգային համագործակցության ու երկրում քաղաքական իշխանափոխության բանակցություններին աջակցությունը։
«Նրանք քննարկել են ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի հնարավորությունների խորացումը՝ ներառյալ Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ։ Օբաման վերահաստատել է ԱՄՆ-ի հավատարմությունը Թուրքիայի անվտանգությանը՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակցի»,- ասվում է հաղորդագրությունում։