Հնդկաստանի հյուսիսում օդի ջերմաստիճանը հասել է 50,5 աստիճան Ցելսիուսի, 5 նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն։ Ռաջաստհան նահանգի Փհալոդի քաղաքում գրանցվել է 50,5 աստիճան շոգ, որ 0,1 աստիճանով է ցածր Հնդկաստանում դիտարկումների պատմության բացարձակ ռեկորդից։ 1956-ին նույն նահանգի Ալվար քաղաքում գրանցվել էր 50,6 աստիճան։ Առաջիկա օրերին ջերմաստիճանը երկրի հյուսիսային, կենտրոնական և արևմտյան մասերում կբարձրանա և ռեկորդը կարող է գերազանցել։
Մայրաքաղաք Նյու Դելիում ջերմաստիճանը գերազանցել է 47 աստիճանը, էլեկտրաէներգիայի պահանջարկը հասել է վերջին տարիների ամենաբարձր մակարդակին, որ հանգեցնում է ցանցից ամբողջական շրջանների անջատման։ Բարդ իրավիճակ է Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանում, որտեղ շոգից թռիչքավայրէջքային ուղու ծածկույթը փափկում է և բարդացնում խոշոր օդանավերի վայրէջքը։ Տևական ժամանակ անձրևների բացակայությունը խորացնում է իրավիճակը։ Խմելու ջրի սղությունից տառապում է 256 շրջանների բնակչությունը, որտեղ ապրում է ավելի քան 330 մլն մարդ։ Վերջին երկու շաբաթներին շոգը, տարբեր տվյալներով, խլել է 500-700 մարդու կյանք։