Բեռլինի հարաբերությունները Անկարայի հետ կարող են վատանալ, հաշվի առնելով Հայոց ցեղասպանության փաստը հունիսին պաշտոնապես ճանաչելու Գերմանիայի խորհրդարանի մտադրությունը: Գերմանական «Դեռ Թագեսշպիգել»-ի հաղորդմամբ, Բունդեստագում Հայոց ցեղասպանության հավանական ճանաչման դեպքում Անկարայի արձագանքը լինելու է հուժկու և վատթարացնելու է Գերմանիայի կառավարության հետ հարաբերությունները: Թերթի հաղորդմամբ, Ցեղասպանության փաստի ճանաչման կողմնակիցներն են իշխող կոալիցիան և «Կանաչների» միությունը: Թերթը մեջբերում է նաև Բեռլինում Թուրքիայի դեսպանի խոսքերը, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը լինելու է Բունդեստագի «պատմական սխալը», քանի որ տևականորեն բացասական ազդեցություն է ունենալու Անկարայի և Բեռլինի հարաբերությունների վրա:
Իշխող կոալիցիան ներկայացնող Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը «Դեռ Թագեսշպիգել»-ի հետ հարցազրույցում հայտնել է, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող օրինագծի ընդունումը չպետք է խոչընդոտի Գերմանիայի և Թուրքիայի հարաբերություններին: «Միլլիեթը» քննադատում է Թուրքիայի կառավարությանը՝ Եվրոպայի իրավապաշտպան և հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների հետ բավարար չհամագործակցելու համար: «Թուրքիայի կառավարությունը որևէ փորձ ձեռնարկո՞ւմ է այդ քվեարկությունը խափանելու նպատակով։ Մենք տեղյակ չենք»,- գրում է թերթը:
«Կանալ 24»-ի մեկնաբանի կարծիքով էլ, Էրդողանի հրապարակային դիրքորոշումը, որ բացասական է լինելու, ավելի կզայրացնի Գերմանիայի օրենսդիրներին: «Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում այդ երկրի արտգործնախարարությանն էլ ոչինչ չի մնա, քան ճանաչել»,- գրում է լրատվամիջոցը, հիշատակելով, որ 2015-ին Հայոց ցեղասպանության փաստը իրենց հայտարարություններում պաշտոնապես ճանաչել էին Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկն ու խորհրդարանի նախագահ Նորբերթ Լամերթը, սակայն խորհրդարանն ամբողջությամբ որոշում չի ընդունել:
Թուրքական «Հաբերլերի» մեկնաբանը ավելացնում է, որ խորհրդարանում որոշման ընդունման դեպքում թուրք-գերմանական հարաբերությունները կարող են երկար ժամանակով վատանալ: Լրագրողը հիշեցնում է, որ նման մի օրինագիծ Գերմանիայի խորհրդարանի օրակարգ էր մտել նաև 2015-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, սակայն հանվել էր օրակարգից կառավարության միջնորդությամբ: «Հաբերլերը» հրապարակել է Գերմանիայի թուրքական կազմակերպությունների նամակը, որը ուղղել էին Գերմանիայի օրենսդիրներին և պաշտոնյաներին: Նամակում հերքվում է Հայոց ցեղասպանության փաստը և ասվում, որ օսմանյան իշխանությունները ստիպված էին տարհանել հայերին, քանի որ հայերն իբր վտանգում էին անպաշտպան թուրք կանանց և երեխաների կյանքը:
«Վաթանը» մեջբերում է Գերմանիայի խորհրդարանականներին, որ ասում են, թե լավ են գիտակցում, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կվատացնի թուրք-գերմանական հարաբերությունները և կարող է նույնիսկ բացասաբար ազդել Եվրամիության և Թուրքիայի միջև գաղթականների վերաբերյալ գործարքի վրա, սակայն ընդգծում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը բարոյական խնդիր է, որն անհնար է չափել նյութական հետևանքներով: