«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) բրյուսելյան կազմակերպությունը մայիսի 7-15-ին հյուրընկալել է միջազգային ԶԼՄ-ների 15 ներկայացուցիչների, որ ժամանել են Հայաստան և մեկնել Արցախ՝ լուսաբանելու ապրիլի սկզբին ադրբեջանական ագրեսիայի և դրան հաջորդած ժամանակահատվածի զարգացումները: Լրագրողները այցելել են առաջնագիծ, նկարահանումներ կատարել Մարտակերտի և Թալիշի հրետակոծության ենթարկված բնակավայրերում, զրուցել սահմանային շրջաններից տարհանված ընտանիքների և Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում բուժում ստացող վիրավոր զինվորների հետ: Լրագրողները հանդիպել են նաև ԼՂՀ մի շարք պաշտոնյաների, այդ թվում` ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, վարչապետ Արայիկ Հարությունյանի և ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հետ: «Որպես լրագրողի՝ ինձ համար հետաքրքիր էր բացահայտել նոր մարդկանց ու պատմություններ, որոնց միջոցով աշխարհը պետք է իմանա Լեռնային Ղարաբաղի մասին»,- ասել է լրագրողներից Լիուբա Մաքսիմը, որ մինչև ճամփորդությունը աղոտ պատկերացումներ ուներ Արցախի մասին և խիստ մտահոգված էր իր անվտանգությամբ:
«Ես կարողացա մոտենալ ու ծանոթանալ մի հակամարտության, որը ընտրովի ու ոչ լիարժեք է ներկայացվում միջազգային հանրությանը»,- նշել է լրագրողներից Մոնիկա Էլենան: Լրագրողական խումբը կազմված է եղել թերթերի և հեռուստատեսության ներկայացուցիչներից, որ ժամանել են Արցախ Բելգիայից, Իտալիայից, Բրիտանիայից, Գերմանիայից, Լիտվայից, Բուլղարիայից, Մոլդովայից, ՈՒկրաինայից, թիմին են միացել երկու հանրահայտ ֆոտոլրագրողներ ԱՄՆ-ից: Թիմը կազմված է եղել հաստիքային և ազատ լրագրողներից, որ ներկայացնում են La Stampan-ն, New Business Europe-ը, BBC-ն, NewsWeek-ը, խմբում են եղել Getty Images ֆոտոբանկի և New York Times-ի ֆոտոլրագրողները, անգլալեզու KyivPost-ի խմբագիրները, բուլղարական Btv և մոլդովական Atlantic Media հեռուստաընկերության նկարահանող խմբերը: Այցի շրջանակում լրագրողները ուղիղ ռեպորտաժների միջոցով, և իրենց երկրներ վերադառնալուց հետո շարունակում են հրապարակել բազմաթիվ նյութեր, որոնց հղումները մասամբ հասանելի են EuFoA-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջում: