Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հերմինե Նաղդալյանը ԱՊՀ ԽՎ լիագումար նիստում անդրադարձել է Ադրբեջանի ապրիլյան ագրեսիային

Հերմինե Նաղդալյանը ԱՊՀ ԽՎ լիագումար նիստում անդրադարձել է Ադրբեջանի ապրիլյան ագրեսիային
21.05.2016 | 20:59

Մայիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ավարտեց իր աշխատանքները ԱՊՀ ՄԽՎ 44-րդ լիագումար նստաշրջանը, որին մասնակցում էր ԱԺ պատվիրակությունը՝ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Նստաշրջանը այս անգամ հատկապես աչքի ընկավ իր ներկայացվածությամբ, մասնակցում էին մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, ՍԾՏՀ ԽՎ, Միգրացիայի, Աշխատանքի և այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ։ Բնութագրելով ժամանակի կարևոր մարտահրավերները` լիագումար նիստում ելույթ ունեցողները ընդգծում էին սառեցված և ընթացող հակամարտությունների խաղաղ ճանապարհով լուծման անհրաժեշտությունը: ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստի ավարտին տեղի ունեցավ խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը, որին մասնակցում էր ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, ազգային պատվիրակությունների ղեկավարներ: Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակներին լրագրողները հարց են ուղղել՝ Վիեննայում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման շուրջ:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նախ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան աննախադեպ լայնամասշտաբ ռազմական ագրեսիային, որը հանգեցրեց անդառնալի մարդկային կորուստների և ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ բացահայտվեցին Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի, ստանձնած միջազգային բազմաթիվ պարտավորությունների աղաղակող խախտումները՝ ընդգծելով հատկապես 1994-95 թվականներին ընդունված ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ համաձայնագիրը` Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կողմից ստորագրված, որը պատմության մեջ հայտնի է որպես Բիշկեկյան համաձայնագիր: Հերմինե Նաղդալյանը հիշեցրել է ապրիլյան քառօրյա ագրեսիայից հետո, ապրիլի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին, որի ժամանակ ձեռք բերվեցին որոշակի պայմանավորվածություններ, այդ թվում, որ պետք է քայլեր ձեռնարկվեն 94-95թթ. ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համաձայնագրերի կատարման մշտադիտարկման ուղղությամբ, և միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրման մասին: «Սա հենց այն է, որի շուրջ երկար տարիներ պնդել է հայկական կողմը և որից նույնքան երկար տարիներ հրաժարվել և մերժել է ադրբեջանական կողմը»,- ասել է Հերմինե Նաղդալյանը և հավելել, որ թեև ներկայումս կան որոշակի հույսեր և ձևավորվել է կարծիք, թե Մինսկի խմբի համանախագահների կոչերը այս անգամ կյանքի կկոչվեն, սակայն, Վիեննայում կայացած հանդիպումների արդեն երկրորդ օրը Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մի պաշտոնյայի կողմից հայտարարություն հնչեց, որը ցույց էր տալիս, որ Ադրբեջանը նորից քայլեր է անում դեպի այդ պայմանավորվածությունների դրժում:

Հերմինե Նաղդալյանն իր խոսքում հնչեցրել է հայկական կողմի տեսակետը, որ նման պարագայում խիստ կարևոր է միջազգային հանրության, Մինսկի խմբի համանախագահների հետևողական, հստակ և հասցեական վերաբերմունքը, որի բացակայությունն է, որ հիմք և հնարավորություն հանդիսացավ ավելի քան 20 տարի կոնֆլիկտի կարգավորման տեղում դոփելուն և նման ցավալի իրադարձությունների, ինչպիսին էր ապրիլյան պատերազմը: Լրագրողները հարցրել են ԱՊՀ ԽՎ 44-րդ նիստի ընթացքում՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Իլկա Կաներվայի ելույթի առնչությամբ, որտեղ նա, անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը, ընդգծել է, որ կոնֆլիկտները պետք է խաղաղ ճանապարհով լուծվեն, խնդիրը չունի ռազմական լուծում և կարգավորման միակ ուղին բանակցային ճանապարհն է: Հերմինե Նաղդալյանը այս հայտարարությունը կարևորել է նախ այն առումով, որ ԵԱՀԿ ԽՎ ղեկավարի կողմից ևս մեկ անգամ հնչեցվել է հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով լուծման անհրաժեշտությունը և որ այն հնչել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում՝ մի վեհաժողովի, որն իր մասնակցությունն է ունեցել 94 թ. Բիշքեկյան համաձայնագրի ստորագրմանը: Եվ այդ իմաստով շատ տեղին է, որ միջխորհրդարանական այս վեհաժողովը նաև այսօր սատար կանգնի և զարգացնի այն համաձայնագրերը, որոնք իր ջանքերով ժամանակին ձեռք են բերվել:


Ասուլիսում ընթացող հարց ու պատասխանի ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը վերահաստատել է ադրբեջանական կողմի հանձնառությունը ՝ հակամարտության լուծումը տանելու Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ հայտարարելով, որ Վիեննայի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին իրենք հանձնառու են և լիահույս, որ դրանք կաշխատեն, և հունիսյան հանդիպումը արդյունավետ կլինի, սակայն չհապաղելով ևս մեկ անգամ հնչեցնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին իրենց մշտական թեզը:

Դիտվել է՝ 910

Մեկնաբանություններ