Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել է, որ Բելառուսը չի պատրաստվում հարաբերություններ կառուցել Եվրամիության հետ` ի վնաս Ռուսաստանի և ԱՊՀ-ի հետ հարաբերությունների: Բելառուսական OHT հեռուստաալիքին հարցազրույցում նա ասել է.
«Մենք միշտ ասում ենք մեր եվրոպացի, ամերիկացի և մյուս գործընկերներին, որ երբեք հարաբերություններ չենք կառուցի այս կամ այն պետության կամ այս կամ այն ինտեգրացիոն կառույցի հետ` ի վնաս մեր ավանդական դաշնակիցների կամ մեր ավանդական դաշնակիցների հաշվին: Մենք միշտ հետևել ենք և կհետևենք մեր պարտավորություններին ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և, առավել ևս, Միութենական պետության և ԱՊՀ-ի շրջանակում»,- ասել է Մակեյը: Նրա խոսքով՝ Բելառուսի գործողությունների ճիշտ լինելու հարցում չեն կասկածում ոչ գործընկերները, ոչ այլ պաշտոնատար անձինք: