Թուրքիայում մայիսի 22-ին իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության արտահերթ համագումարում կուսակցության նախագահ է ընտրվել միակ թեկնածու Բինալի Յըլդըրըմը։ Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի տրանսպորտի եւ կապի նախարար Բինալի Յըլդըրըմը AKP-ի արտահերթ համագումարում ստացել է 1405 պատվիրակների ձայները եւ ընտրվել կուսակցության նախագահ։ Առաջիկա օրերին նրան կհանձնարարվի կառավարություն կազմել եւ ստանձնել վարչապետի պաշտոնը։ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մայիսի 5-ին հայտարարեց պարտադրված հեռանալու մասին, որից հետո հայտարարվեց իշխող կուսակցության արտահերթ համագումար։
Թուրքիայի արդեն նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մայիսի 22-ի երեկոյան հրաժարականի դիմումից հետո վերախմբագրել է Twitter-ի իր էջը։ Նա անձնական տվյալների բաժնից ջնջել է «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախագահ» եւ «Թուրքիայի վարչապետ» գրությունները։