Գերմանիայի Բունդեստագում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին են անդրադարձել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և Բունդեստագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնը Երևանում կայացած հանդիպման ժամանակ:
Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել Էդելգարդ Բուլմահնի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ նշելով, որ ճանաչելով և դատապարտելով 100 տարի առաջ տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունը՝ կանխվում է մարդկության դեմ հնարավոր նոր ցեղասպանությունների իրագործումը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բունդեստագում շրջանառվող բանաձևին՝ Բուլմահնը նշել է, որ փորձ է արվել իրերը կոչել իրենց անուններով և ցույց տալ ժամանակին գործող գերմանական իշխանությունների մեղքի բաժինը Հայոց ցեղասպանության հարցում: Նա կարևորել է Գերմանիայի՝ պատմության հետ առերեսումը, պատմության խորքից իրողությունների վերհանումն ու խնդիրների հաղթահարումը, ինչպես եղել է Հոլոքոսթի զոհերի հարցում: Նա նշել է, որ բանաձևի ուղերձները նաև Թուրքիային են ուղղված:
Շարմազանովը ներկայացրել է ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մանրամասները` նշելով, որ այն ուղեկցվել է ռազմական հանցագործություններով. խոշտանգվել են ոչ միայն զինվորականներ, այլև խաղաղ բնակիչներ: Աժ փոխնախագահը հյուրին է փոխանցել այդ փաստերը հավաստող նյութեր, որոնց մի մասը տեղ է գտել հենց ադրբեջանական մամուլում: Նա նշել է, որ խոշտանգումները հիշեցնում են Օսմանյան Թուրքիայի և ԴԱԻՇ-ի ձեռագիրը:
Հանդիպման մասնակիցները դրական են գնահատել Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ու ձեռք բերված պայմանավորվածությունները: Էդուարդ Շարմազանովը կարևորել է բանակցությունների վերսկսման համար շփման գծում հետաքննության և վստահության մեխանիզմների առկայությունը և հույս հայտնել, որ այս հարցում Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ-ի նախագահող երկիր, հետևողական կլինի:
Էդելգարդ Բուլմահնը կարևորել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերը և Վիեննայում երկու երկրների նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Նա հույս է հայտնել, որ զինադադարը կպահպանվի, պայմանավորվածությունները չեն մնա թղթի վրա և կյանքի կկոչվեն:
Բունդեստագի փոխնախագահը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ է տեղադրել, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթացել է հայ ժողովրդի ողբերգությունը փաստող վավերագրերին, գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում: «Տպավորված եմ թանգարան կատարած իմ այցից և ցավում եմ այն բոլոր տառապանքների համար, որ կրել է հայ ժողովուրդն այդ տարիներին: Ես՝ որպես Բունդեստագի ներկայացուցիչ, պետք է ավելացնեմ նաև Գերմանիայի պատասխանատվության հարցը. մեր խորհրդարանը ջանում է իր պաշտոնական վերաբերմունքն արտահայտել կատարված իրադարձությունների վերաբերյալ և այդպես կանխարգելել նույնատիպ հանցագործությունների կրկնությունը»՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Էդելգարդ Բուլմահնը: