Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին պաշտպանության ու անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը դաշինքից ակնկալում է քաղաքական ուժեղ աջակցություն: «Համոզված եմ, որ Վարշավայի գագաթաժողովում ևս մեկ անգամ կցուցադրվի դաշինքի միասնությունն ու ուժը, ևս մեկ անգամ կընդգծվի խաղաղության ու կայունության հանդեպ ՆԱՏՕ-ի ձգտումը: Վրաստանը հպարտ է, որ հնարավորություն ունի կանգնել ՆԱՏՕ-ի կողքին՝ որպես ամենամոտ ու հուսալի ռազմավարական գործընկերոջ: Երկիրը ձգտում է մոտ ապագայում դառնալ դաշինքի լիիրավ անդամ: Հուսով ենք, որ գագաթաժողովում կճանաչվի մեր զգալի առաջընթացը: Հաշվի առնելով անվտանգության առումով տարածաշրջանում տիրող իրավիճակը, այն դերը, որը Վրաստանը կարող է խաղալ կայունության ամրապնդման տեսանկյունից՝ մենք ակնկալում ենք կոնկրետ քայլեր, որոնք էլ ավելի կխորացնեն զսպման ու պաշտպանության հարցում մեր հնարավորությունները»,- ասել է նա:
Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ Վարշավայի գագաթաժողովը կենտրոնանալու է անդամ երկրների և հատկապես դաշինքի արևելյան թևի անվտանգության վրա, այդ առումով Վրաստանը կարող է կարևոր դեր խաղալ. «Մենք ղեկավարվում ենք մեր համագործակցության հիմքում ընկած սկզբունքով. մենք ցանկանում ենք ավելի շատ ՆԱՏՕ՝ Վրաստանում և ավելի շատ Վրաստան՝ ՆԱՏՕ-ում»: