Ռուսաստանը տեսանելի հեռանկարում ԵՄ-ի համար կմնա հիմնական էներգետիկ գործընկեր՝ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունգարական Magyar Nemzet թերթին տված հարցազրույցում: Լավրովը համոզված է, որ Ռուսաստանը և ԵՄ-ն «ի վիճակի են հաղթահարելու ներկա բացասական միտումը և դուրս գալու համագործակցության կայուն ամրապնդման ճանապարհ»:
«Ռուսաստանի և ԵՄ-ի փոխշահավետ գործընկերությանը խելամիտ այլընտրանք չկա. մեզ չափազանց շատ բան է կապում՝ աշխարհագրական, տնտեսական, պատմական, պարզապես մարդկային առումներով,- ասել է Լավրովը:- Չէ՞ որ Ռուսաստանը և ԵՄ-ն երկու խոշորագույն խաղացողներ են եվրոպական մայր ցամաքում»: «Մեր երկիրը տեսանելի հեռանկարում ԵՄ-ի համար կմնա հիմնական գործընկեր էներգետիկ ոլորտում,- ասել է նա:- Ընդհանուր շահերից է բխում փոխգործակցության խորացումը նոր սպառնալիքներին և մարտահրավերներին արձագանքման ոլորտում, իրավապահ մարմինների գծով, գիտական և մշակութային ոլորտներում»:
ՌԴ ԱԳ նախարարի կարծիքով՝ այդ աշխատանքը «չի կարող հաջող լինել՝ առանց հրաժարվելու առճակատման և զսպման տրամաբանությունից, առանց երկխոսություն վարելու իսկական հավասարության սկզբունքներով, առանց իրապես հաշվի առնելու փոխադարձ շահերը»: