Ստամբուլում Համաշխարհային մարդասիրական գագաթնաժողովում ելույթ է ունեցել Հայաստանի փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը՝ անդրադառնալով ապրիլի սկզբի չորսօրյա պատերազմին:
«Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերջերս իրականացված զարհուրելի բարբարոսությունը, ներառյալ քաղաքացիական բնակչության` հատկապես երեխաների, կանանց և տարեցների, քաղաքացիական հաստատությունների` ներառյալ դպրոցների ու մանկապարտեզների, դիտավորյալ ու համատարած թիրախավորումը, սպանությունները, գլխատումները, խոշտանգումները ու զոհերի մարմինների անդամահատումներն անհամատեղելի են քաղաքակիրթ աշխարհի տարրական նորմերի հետ»,- հայտարարել է Հովակիմյանը: Նրա խոսքով՝ այդ ամենը արդյունք է հայերի հանդեպ ռասիզմի, անհանդուրժողականության ու ատելության խրախուսման երկարատև քաղաքականության, որն իրականացվում է ուղղակիորեն Ադրբեջանի իշխանությունների թողտվության պայմաններում:
«Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ ու կանոնավոր խախտումները և բարձրագույն քաղաքական մակարդակով` հանցագործություններում անմիջականորեն ներգրավված անձանց փառաբանումը մարդկության դեմ կատարված և պատերազմական հանցագործություններ են»,- ընդգծել է Հայաստանի ԱԳ փոխնախարարը: Արձագանքելով նախորդ օրը գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահի ելույթին՝ Աշոտ Հովակիմյանը շեշտել է, որ «Ադրբեջանի նախագահը, որ կրում է անձնական պատասխանատվություն ագրեսիան նախաձեռնելու, ահաբեկիչներին և ԻԼԻՊ-ի ոճով բարբարոսությունների իրականացնողներին փառաբանելու գործում, երեկ այս բարձր ամբիոնից տարածում էր հորինված մեղադրանքներ հայերի հանդեպ»: «Նրա արտաբերած ստերը չունեն որևէ կապ իրականության հետ: Հայաստանը միանշանակ չունի միջուկային ռումբ ստեղծելու ծրագրեր, և իհարկե Հայաստանի զինված ուժերը երբևէ չեն կիրառել քիմիական զենք: Հաշվի առնելով, թե Ադրբեջանի նախագահը որքան հաճույք է ստանում, մեջբերելով Հայաստանի նախկին պաշտոնյաների խոսքերը, վստահաբար ավելի լավ կլիներ, եթե նա հղում կատարեր իր նախորդներից մեկին, որ մեղադրում էր Ադրբեջանի այդ ժամանակվա քաղաքական ղեկավարությանը` իր իսկ սեփական ժողովրդին Խոջալուում կոտորելու համար»,- ասել է Հայաստանի ԱԳ փոխնախարարը:
Աշոտ Հովակիմյանը անդրադարձել է նաև Սիրիայի փախստականների խնդրին՝ նշելով, որ Հայաստանը առաջիններից մեկն էր, որ խստորեն դատապարտեց «Իսլամական պետության» և ահաբեկչական մյուս խմբավորումների բարբարոսական գործողությունները ընդդեմ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, ներառյալ՝ սիրիահայերի: «Հայաստանը Սիրիայից մոտավորապես 20 հազար փախստականի է ընդունել՝ դառնալով ըստ բնակչության թվաքանակի ամենաշատ փախստականների ընդունած երկիրը Եվրոպայում»,- ասել է փոխնախարարը՝ նշելով, որ Հայաստանում ապաստանած սիրիահայերից շատերը Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունից փրկվածների ժառանգներն են: Աշոտ Հովակիմյանը կարևոր է համարել միջազգային հանրության կողմից փախստականներին և տեղահանվածներին տրամադրվող աջակցությունը՝ ասելով, որ արժանապատվությունը, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները պետք է ունենան համընդհանուր կիրառելիություն՝ անկախ մարդկանց բնակվելու վայրի կարգավիճակից: