«Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում Քարնեգիի վերլուծական կենտրոնի փորձագետներից Փիթըր Սթրոնսկին, որ ապրիլյան պատերազմից հետո եղել է Հայաստանում և Վրաստանում, պատմել է տարածաշրջանում տիրող մթնոլորտի մասին:
«Մի քանի պաշտոնյաների հետ զրուցելուց հետո ես այն կարծիքին եմ, որ ապրիլյան բռնությունները ցնցեցին բնակչությանը: Ոչ այն պատճառով, որ նրանք չէին ակնկալում ռազմական գործողությունների բռնկում, այլ պարզապես իրադարձությունները սպասվածի պես չծավալվեցին: Ինձ հետաքրքրեց Ռուսաստանի հանդեպ առաջացած որոշակի բարկությունը: Թե երկու կողմերին զենք մատակարարելու և թե շատերի կողմից ակնկալվող հայերին բարձրաձայն աջակցություն ցուցաբերելու բացակայության համար»:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ազդեցություն է ունեցել նաև ԱՄՆ-ի և Ադրբեջանի հարաբերությունների վրա: Կոնգրեսական Ադամ Շիֆը նշել է. «Ականատես ենք եղել Ադրբեջանի կողմից ագրեսիայի շատ դրսևորումների և դրանցից թերևս ամենաակնհայտը շփման գծում շարունակվող ագրեսիվ պահվածքն է, մարդկանց դաժանորեն գլխատումն ու դիակների պղծումը շփման գծում, Ադրբեջանի առանց դրդապատճառների ագրեսիայի դրսևորումը սահմանին: Հատկապես մտահոգիչ են դրա մահացու արդյունքները, քանի որ դա կարող էր տանել դեպի պատերազմ: Եվ սահմանագծին հրադադարը հսկող սարքերի տեղադրման հարցում Ադրբեջանի անպատրաստակամության հանգամանքը խորապես մտահոգիչ է ԱՄՆ-ի համար»:
Փիթըր Սթրոնսկու խոսքով, թեև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ուղղակիորեն չի ազդում ԱՄՆ-ի վրա, այնուամենայնիվ, ԱՄՆ-ի շահերից է բխում, որ տարածաշրջանում խաղաղություն լինի: «Ադրբեջանի և Հայաստանի հարևան երկրներից մեկը ԱՄՆ-ի վաղեմի աջակից Վրաստանն է, որ այժմ դժվար փոփոխությունների միջով է անցնում, և կասեի, որ հետխորհրդային երկրներից այժմ ամենաազատն է: Հայաստանում և Ադրբեջանում անկայունությունը ազդում է Վրաստանում ներդրումների չափի և երկրում էներգիայի ու ֆիզիկական անվտանգության վրա: Վրաստանը հայտնվել է Ռուսաստանի և Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի անբարենպաստ հարաբերությունների կենտրոնում: ԱՄՆ-ը չի ցանկանում խնդիրներ ունենալ ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերություններում: Եվ այն հանգամանքը, որ Ռուսաստանն ու Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան դաշնակից երկրներ են, նույնպես մտահոգիչ է: ԱՄՆ-ը չի ուզում, որ Լեռնային Ղարաբաղը Թուրքիայի և Ռուսաստանի միջև կռվախնձոր դառնա»: