Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հաստատել է ազգային փոքրամասնությունների համար իրենց մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքը: Ելույթ ունենալով երկրի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Մահաբադ քաղաքում՝ Ռուհանին հայտարարել է, որ երկրի տարածքում բնակվող ազգային փորքամասնությունների ներկայացուցիչները պետք է հնարավորություն ունենան ուսումնասիրել մայրենի լեզուն:
Նրա խոսքով՝ կրթության նախարարության հետ քննարկվում է Սահմանադրության 15-րդ հոդվածը իրագործելու հարցը, որը սահմանում է, որ Իրանի պաշտոնական լեզուն պարսկերենն է, սակայն երկրում հնարավոր է տարածաշրջանային ու ցեղային լեզուների կիրառումը մամուլում, դպրոցներում գրականություն սովորելու համար և այդ լեզուները թույլատրվում են ի հավելումն պարսկերենի: Նախագահական նախընտրական արշավի ժամանակ Ռուհանին խոստացել էր պաշտպանել Իրանի էթնիկ փոքրամասնությունների իրավունքները: