Գերմանիայի խորհրդարանը հինգշաբթի կքվեարկի բանաձևի շուրջ, որն Օսմանյան կայսրության տարածքում հայերի կոտորածները որակում է «ցեղասպանություն»՝ չնայած Թուրքիայի կողմից խիստ նախազգուշացումներին, գրում է France-Presse-ը:
Իշխող կոալիցիայի և ընդդիմադիր Կանաչների կողմից մշակված «1915 և 1916-ին հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակում և ոգեկոչում» վերնագրված բանաձևն այս վիճելի բառն է պարունակում նաև ողջ տեքստում։
Քվեարկությունը տեղի է ունենում ավելի քան մեկ տարի անց, երբ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը դարձավ Գերմանիայի ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որ կոտորածներն անվանեց «ցեղասպանություն»՝ առաջացնելով Թուրքիայի զայրույթը: Քվեարկությունը շատ անհարմար ժամանակ է տեղի ունենում, երբ Գերմանիան և ընդհանուր առմամբ Եվրամիությունն ունեն Անկարայի կարիքը՝ ներգաղթյալների հոսքը կանգնեցնելու հարցում՝ չնայած մի շարք հարցերի, այդ թվում՝ մարդու իրավունքների հետ կապված հարցի պատճառով երկու կողմերից աճող լարվածություններին:
Նախազգուշացնելով քվեարկության վերաբերյալ՝ Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշն ասել է. «Գերմանիան պետք է զգույշ լինի՝ հաշվի առնելով Թուրքիայի հետ իր հարաբերությունները»:
«Չեմ կարծում, որ Գերմանիայի խորհրդարանն օրինագիծը ներկայացրած 2-3 քաղաքական գործչի պատճառով կփչացնի հարաբերությունները Թուրքիայի հետ»,-ասել է նա։ Բանաձևը հայերի դեմ վայրագությունները հստակ է բնորոշում. «Նրանց ճակատագիրը զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների, արտաքսումների և իսկապես ցեղասպանությունների օրինակ է, որն այդպիսի սարսափելի կերպով բնորոշեց 20-րդ դարը»: Նաև նշվում է, որ «Գերմանական կայսրությունը մասնակի պատասխանատվություն է կրում այդ դեպքերի համար»: Այս հարցը զգայուն հարց է Գերմանիայում, քանի որ հատուկ կապեր ունի Անկարայի հետ՝ հաշվի առնելով նաև 3 մլն էթնիկ թուրք բնակչությանը։ Շաբաթ օրը մոտ 1000 հոգի մասնակցել է թուրքական խմբերի կազմակերպած ցույցին: Թուրքական կազմակերպությունները նաև նամակներ են ուղարկել օրենսդիրներին՝ նրանց կոչ անելով արշավ իրականացնել քվեարկության դեմ՝ նախազգուշացնելով «ինչպես այստեղ, այնպես էլ Թուրքիայում գերմանացիների և թուրքերի միջև խաղաղ գոյակցության համար» հետևանքների մասին: Գերմանիայում քրդերը հակընդդեմ արշավ են սկսել՝ Բունդեստագի օրենսդիրներին հեղեղելով էլեկտրոնային նամակներով, որտեղ կոչ են անում դիմադրել թուրքական ճնշմանը: Քվեարկությունը վճռական դեր ունի նաև կուսակցության ներսում: Կառավարության ինտեգրման հարցերով բարձրաստիճան պաշտոնյա Այդան Օեզոգուզը նախազգուշացրել է, որ դա «սխալ ճանապարհ է», և քվեարկությունը, հակառակը, Թուրքիայում փոփոխությունների նպատակն «էլ ավելի կհեռացնի»: Այնուամենայնիվ, կուսակցական առաջնորդներն ուշադրություն չեն դարձրել Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր վատթարացմանը։
Նպատակը «Թուրքիային դատապարտյալի աթոռին նստեցնելը չէ», ասել է խորհրդարանում քրիստոնյա դեմոկրատների խմբակցության նախագահի տեղակալ Ֆրանց Յոզեֆ Յունգը: «Մենք չենք խնդրում Թուրքիայի կառավարությանն ընդունել ցեղասպանությունում իր մեղքը, այլ կոչ ենք անում ընդունել իր պատմական պատասխանատվությունը»,- ասել է նա։