Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ելույթ է ունեցել Հյուսիսատլյանտյան խորհրդում՝ Ադրբեջան-ՆԱՏՕ նիստի շրջանակներում, որում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության հարցին: «Հակամարտության կարգավորման համար հայկական զորամիավորումները պետք է դուրս գան Ադրբեջանի օկուպացված տարածքներից»,- հայտարարել է Մամեդյարովը: «Մայիսի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ-երկրների արտգործնախարարների մասնակցությամբ Վիեննայում տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը: Մենք ակնկալում ենք, որ հունիսին տեղի կունենա հերթական հանդիպում, որի նպատակը ստատուս քվոյի փոփոխության հարցում նշանակալի առաջընթացի հասնելն է»,- ասել է ադրբեջանցի նախարարը: Մամեդյարովը միջազգային հանրությանը կոչ է արել «Հայաստանից պահանջել հարգել իր միջազգային պարտականությունները, այդ թվում` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:
Խոսելով Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունից՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը շեշտել է, որ այդ համագործակցությունը կարևոր դեր է խաղում Ադրբեջանի ռազմական անվտանգության համակարգի ձևավորման և Դաշինքի ուժերի հետ երկրի զինված ուժերի օպերատիվ համատեղության ամրապնդման հարցերում: