Թուրքիան ամենաբարձր՝ երկրի նախագահի մակարդակով զգուշացրել է Գերմանիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հետևանքների մասին։
Նախագահ Ռեջեփ Էրդողանը լրագրողներին ասել է, որ դա վնաս կհասցնի Գերմանիայի և Թուրքիայի դիվանագիտական, տնտեսական, առևտրային, քաղաքական և ռազմական կապերին, նշելով, որ երկու երկրներն էլ՝ Գերմանիան և Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ են։ Էրդողանն ասել է, թե այդ ամենը կվերանայվի՝ «Ռոյթերզ»-ը նշում է, որ այս հայտարարությունից առաջ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ հայտնելով իր մտահոգությունները։
«Անադոլու» գործակալության փոխանցմամբ, Մերկելի հետ հեռախոսազրույցում Էրդողանն ընդգծել է, որ անհրաժեշտ է ողջամտություն ցուցաբերել և խորհրդարանի այդ քննարկումներին խելամտորեն մոտենալ։
Գերմանիայի կառավարության խոսնակը հաստատել է, որ Էրդողանը և Մերկելը հեռախոսազրույց են ունեցել՝ ասելով, որ նրանք քննարկել են նաև միգրանտների հարցով Թուրքիա-Եվրամիություն համաձայնությունների իրականացումը։
Երկու երկրների հարաբերություններից բացի, նշում է «Ռոյթերզ»-ը, նաև մտահոգություններ կան, որ Բունդեստագում օրինագծի ընդունումը կարող է լարվածություն առաջացնել Գերմանիայում ապրող ազգությամբ թուրք 3,5 միլիոն բնակիչների շրջանում։