Բունդեստագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո նիստի դահլիճում գտնվող հայերը շնորհակալություն հայտնող պաստառներ են բարձրացրել և Հայաստանի դրոշը: Բեռլինում հավաքված հայերը որոշման հրապարակումից հետո քոչարի են պարել` ծածանելով եռագույնը: Հայերի ուրախությունը կիսել են նաև հավաքված քրդերը, որ թուրքերեն բղավել են. «Կեցցե ժողովուրդների եղբայրությունը», «Ի հեճուկս ամենքի` բոլորս հայ ենք»:
Գերմանիայի Բունդեստագն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Ելույթ ունեցողները միաձայն ընդգծել են անցյալի հետ առերեսման անհրաժեշտությունը, նաև` Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացին նպաստելու մղումները: Բունդեստագում բարձրաձայնվել է Օսմանյան Թուրքիայի ոճրագործության մասին` նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց է և մեղադրանք, այլ խոնարհում զոհերի հիշատակի առջև: