«Եկեք արձանագրենք, որ Ադրբեջանի կողմից օկուպացված են ԼՂՀ Մարտունու և Մարտակերտի շրջանի շատ ավելի մեծ տարածքներ, և ուշ թե շուտ այդ տարածքները վերադարձվելու են ԼՂՀ-ին»՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով կորսված 800 հա տարածքների հարցին: Նրա խոսքով՝ Վիեննայում հանդիպումը ցույց տվեց, որ առանց հրադադարի, վստահության միջոցների ստեղծման, դժվար է, գրեթե անհնարին է ղարաբաղյան կարգավորման բանակցություններում առաջընթաց ակնկալել:
Նա հիշեցրեց, որ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը առաջարկներով է հանդես եկել իր անձնակազմի և լիազորությունների ընդլայնման առումով. «Իհարկե, դա կարևոր է, բայց բավարար չէ, կան նաև այլ միջոցներ, որոնց մասին դեռ պետք է բանակցություններ ընթանան»: