Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումների արդյունքներով, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ. «Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (ՌԴ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և Ջեյմս ՈՒոռլիքը (ԱՄՆ) մայիսի 31-ին Բրյուսելում հանդիպում են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, իսկ հունիսի 2-ին Փարիզում՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ՝ քննարկելու մայիսի 16-ին Վիեննայում կայացած հանդիպման որոշումների իրագործման հետ կապված հարցերը:
Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Նախարարները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Համանախագահները նախարարների ուշադրությանն են ներկայացրել ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործող գրասենյակի ընդլայնմանը և ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմի ստեղծմանն առնչվող փաստաթղթերի նախագծերը: Նախարարները հաստատել են նախագահների համաձայնությունը հունիսին բանակցությունների հաջորդ փուլն անցկացնելու վերաբերյալ՝ նպատակ ունենալով վերսկսել համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցությունները»: