«Ակօս»-ը ներկայացնում է թուրքական մամուլի անդրադարձը Բունդեստագի որոշմանը։ Բունդեստագում Հայոց ցեղասպանությունը, Գերմանիայի դերակատարությունը ճանաչող բանաձևը տեղ է գտել թուրքական 25 թերթերի առաջին էջերում։ Որոշ թերթեր Գերմանիայի խորհրդարանի որոշումը դատապարտել են, ոմանք՝ ատելության թիրախ դարձրել։
«Հուրիեթ»-ի առաջին էջին «Ամոթ ձեզ» վերնագիրն է: Նշվում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քվեարկությանը չի մասնակցել, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարություններն առաջին պլան են մղվում։
«1915-ի միայնությունը» վերտառության ներքո «Ջումհուրիեթ»-ը գրում է, որ «Խորհրդարանն Էրդողանի առաջ գլուխ չխոնարհեց»։
«Միլիեթ»-ի վերնագրում բանաձևն «ամոթալի» է որակվում։ Ներկայացվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը։
«Թուրքիան սա չի մոռանա» վերնագիրը «Յենի Շաֆաք» պարբերականի առաջին էջին է։ Նշվում է, որ «դեմ» քվեարկող միակ պատգամավորը քրիստոնեա-դեմոկրատական միությունից Բերթինա Կուդլան է։ «Կանաչների» կուսակցության՝ թուրքական արմատներով համանախագահ Ջեմ Օզդեմիրն էլ «ազգի խայտառակություն» թիրախ է դարձվում։
«Սթար» թերթի առաջին էջն ամենաքննարկվողն է. այստեղ Անգելա Մերկելը պատկերված է Ադոլֆ Հիտլերին բնորոշ բեղով։ «Ամեն ինչ՝ հանուն PKK-ի» ասված է վերնագրում։ Ատելության թիրախ են դարձվել Ջեմ Օզդեմիրի գլխավորությամբ «կողմ» քվեարկած բոլոր պատգամավորներն ու Թուրքիայի խորհրդարանում դատապարտող հայտարարությունը չստորագրած քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը։
«Բիրգյուն» թերթը գրում է. «Ցեղասպանության մասին բանաձևը հաստատվեց. ԱԶԿ-ն ասում է՝ ոչինչ է»։
«Վաթան» թերթի առաջին էջին «դեմ» քվեարկած միակ պատգամավորն է. «Միայն Բեթինան»՝ ասված է վերնագրում։
«Թարաֆ» թերթն օգտագործում է «Գերմանիայի հետ ցեղասպանության ճգնաժամը» վերնագիրը։