Լեհաստանի խորհրդարանում պատրաստվում է կոնվենցիա՝ ազգերի ինքնության պաշտպանության վերաբերյալ՝ ասել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության արևելագիտության վարչության բաժնի ղեկավար, պատմաբան Քրիստոֆ Յաբլոնկան: Խոսքն ազգության համար ցեղասպանության ենթարկված ազգերի իրավունքների պաշտպանության մասին է: Քրիստոֆ Յաբլոնկան նշեց, որ 1915-ին հայերը, ինչպես քրիստոնյա մի շարք ազգեր, Օսմանյան կայսրության կողմից ցեղասպանության են ենթարկվել, Լեհաստանի խորհրդարանը պատրաստվում է միջազգայնորեն բարձրացնել հանցագործության ենթարկված ազգերի հարցը: Ստեղծվում է պատմական տրիբունալ՝ մարդկության դեմ կատարած ոճրագործությունները ճանաչելու համար:
Լեհ պատմաբանն ասաց, որ կոնվենցիան կունենա քարտեզի պատկեր, կլինի ժամանակացույց այն պետությունների, որ ճանաչել են պատմությունը, ընդունել են պատմական ճշմարտությունը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությունը որպես եղելություն: Լեհաստանի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2005-ի հունիսին: Լեհաստանի Սեյմի` ձայների մեծամասնությամբ ընդունված հայտարարությունում նշվում է, որ Սեյմը հարգանքի տուրք է մատուցում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: