Գերմանիայում տեղի ունեցավ այն, ինչ ակնկալվում էր. 1915-ի վերաբերյալ բանաձևն ընդունվեց. թուրքական T24 կայքի իր սյունակում գրում է գրող, թարգմանիչ, քաղաքական ակտիվիստ Մուրադ Բելգեն.
««Հարկադրված քայլերի» փուլում ենք. դեսպան հետ կանչել, նրանց դեսպանին ԱԳՆ կանչել, իսկ Էրդողանն էլ ակնարկում է, որ սրանցից ավելի՝ «հիմնական քայլեր» են լինելու։ Դա, հավանաբար, Արևմուտքի նկատմամբ Էրդողանի ատելության ու թշնամանքի զգացողության նոր դրսևորումն է լինելու։ Հայերի կոտորածները ժխտելը, այսինքն՝ այդ հարցում քաղաքականությունը շարունակելը, դեռ ազդեցություն ու իշխանություն ունեցողների հավանություն տված քայլերն են։ Մենք սպասում ենք, որ ինչ-որ պատմաբան կկանգնի ու ապացուցելով կգրի, որ դա չի եղել։ Սակայն այդպես չի կարող լինել և չի լինելու։ Եվ չի լինելու ոչ այն պատճառով, որ անել տալու համար ջանքեր չեն գործադրվում։ Ջանքեր շատ են եղել...
Գերմանացիներն ընդունված բանաձևում անդրադառնում են որպես պատերազմական դաշնակից Հայոց ցեղասպանության հարցում իրենց դերակատարությանը։ Ճիշտ և գովելի քայլ է։ Սակայն Թուրքիան ժխտելու հարցում վճռական է։ Հետևաբար՝ այդ բանաձևի տեքստին Թուրքիայի պատասխանի միջև մոտեցումների տարբերությունը կարևոր է։ Բանաձևում Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանն էլ բավական տեղ է հատկացվել, և նշվում է, թե «ճանաչման» քայլը որքան կօգներ դրան։ Սակայն պատասխանը պարզ է։
Ռեջեփ Թայիբ Էրդողանն այս օրերին «Ստամբուլի նվաճման» առթիվ իր հոգեկան աշխարհի մի մասն ի ցույց դրեց. ասում է՝ «Արևմուտքը մեր (օսմանցիների, թուրքերի ու մուսուլմանների) կողմից Ստամբուլը նվաճելը դեռ չի մարսել»։
Ամեն տարի դա տոնելիս ով գիտի, թե քանի անգամ եմ գրել, որ եթե կան մարդիկ, որոնք այդ «նվաճումը» չեն մարսել, դրանք որոշ թուրքեր են։ Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումն էլ կապվելու է Արևմուտքի՝ Ստամբուլի նվաճումը չմարսելու հետ։
Արևմուտքի երկրների քննադատություններին Թայիփ Էրդողանը պատասխանելու է աշխարհի անարդարության մասին պնդումներով։ Եվ Թուրքիան կքայլի առաջնորդի գծած ուղով»։