Milliyet-ը գրում է՝ Գերմանիայի Դաշնային ժողովը բանաձև է ընդունել, որը 1915 թ. իրադարձությունները որակում է որպես «հայերի ցեղասպանություն», ինչը տանում է խնդրահարույց և լարված շրջանի թուրք-գերմանական հարաբերություններում, որոնք մինչև այժմ ամենամտերիմ ու աշխույժն էին: Խորհրդարանի բոլոր կուսակցությունների աջակցությամբ հաստատված բանաձևի քաղաքական և իրավական ասպեկտների մասին կարելի է երկար վիճել, բայց այլ հարց է պահը, երբ ընդունվեց: Անցած տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ թեման բարձրացվել է ինչպես Գերմանիայի օրակարգում, այնպես շատ այլ երկրներում: Այն ժամանակ Գերմանիայի քաղաքական ղեկավարները նախընտրեցին կենտրոնանալ հարցի նրբության, Թուրքիայի հետ հարաբերություններում հնարավոր հետևանքների վրա, և չպնդել այդ որոշման հարցում:
Այն, որ «Կանաչների» կուսակցության նոր նախաձեռնությանն աջակցել են իշխանական և ընդդիմադիր բոլոր կուսակցությունները, ոչ միայն տարօրինակ է թվում, այլև մտածելու տեղիք է տալիս: Այդ քայլն ակնհայտորեն ցույց է տալիս, որ Հայոց ցեղասպանության պատկերացումները գերմանացի քաղաքական գործիչները, անկախ իրենց գաղափարա-քաղաքական կողմնորոշումից, վեր են դասել վերջերս Թուրքիայի հետ զարգացրած բարեկամությունից և համագործակցությունից: Տրամաբանություն գտնել, որ Բունդեստագը, չնայած Անկարայի բոլոր նախազգուշացումներին, ընդունեց ցեղասպանության բանաձևը, բարդ է: Ինչպիսին էլ լինեն պատճառները, Գերմանիայի այդ քայլը կմթագնի երկու երկրների հարաբերությունները՝ վնասելով երկու կողմերին էլ: Իհարկե, պետք չէ կարծել, որ Թուրքիան ոչինչ չի անի: Այդուհանդերձ, կարևոր է, որ նրա արձագանքը ճիշտ ազդանշան լինի և զգալի արդյունք տա:
Պետք չէ մոռանալ, որ Գերմանիայի հետ քաղաքական, տնտեսական, ռազմական, տեխնոլոգիական համագործակցությունը մեծ նշանակություն ունի Թուրքիայի համար: Հատկապես այս շրջանում, երբ Անկարան հաշտ չէ շատ երկրների հետ, ներառյալ՝ ԱՄՆ-ը և ՌԴ-ն: Նախկին փորձը ցույց է տալիս, որ զայրույթի ազդեցությամբ ձեռնարկվող գործողությունները (Ֆրանսիայի նկատմամբ տնտեսական բոյկոտը) ավելի մեծ վնաս են բերել, քան օգուտ: Գերմանիան Թուրքիայի խոշորագույն արտաքին առևտրային գործընկերն է: Զբոսաշրջության ոլորտում ևս առաջին տեղում է… Դեսպանի հետկանչը խորհրդանշական, ավանդական արձագանք է, դիվանագիտական կապերի խզման մասին խոսք լինել չի կարող: Որպեսզի իրավիճակը չվերածվի ճգնաժամի, որը կվնասի երկկողմ հարաբերություններին, պատասխան արձագանքը պետք է «վերահսկվող» լինի և որոշակի սահմաններ ունենա: Իմպուլսիվ, պոպուլիստական հայտարարությունները և գործողությունները կարող են ուղեկցվել այսրոպեական ծափահարություններով, բայց հետևանքներն ակնհայտորեն Թուրքիայի օգտին չեն լինի: Գերմանիայի խորհրդարանի որոշումից հետո երկու երկրների հարաբերությունները այդքան սերտ և ջերմ չեն լինի, ինչպես մինչ այժմ: Այս անգամ վստահությունը խախտվել է: