Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կրկին քննադատել է Գերմանիայի Բունդեստագին, որը ճանաչել է 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը:
Նրա խոսքով՝ «հայկական հարցը» ավելի հաճախ է օգտագործվում որպես շանտաժի միջոց. «Ցեղասպանության մեղադրանքի հնչեցումը այն պետության կողմից, որը ըստ տրամաբանության՝ պետք է վերջինը հանդես գար նմանատիպ պնդումներով, հակասում է մտքերի տարրական ընթացքին: Թող նրանք նախ գնահատական տան Հոլոքոստին և քննարկեն զանգվածային սպանդը Նամիբիայում (19-րդ դարի վերջին-20-րդ դարի սկզբին, երբ գերմանական գաղութ էր): Ցանկացած երկրի հետևում, որոնք մեզ սպառնում են Հայոց ցեղասպանության բանաձևերով, մեղքն է և միլիոնավոր անմեղ մարդկանց արյունը… Հայերից միայն օգտվում են: Ամբողջ աշխարհում հայկական հարցը սկսվել է ընկալվել որպես Թուրքիայի դեմ շանտաժի հարմար միջոց կամ նույնիսկ որպես մահակ»,- հայտարարել է Էրդողանը՝ շաբաթ օրը ելույթ ունենալով Ստամբուլում:
«Ցանկանում եմ դիմել ողջ Եվրոպային, այդ թվում՝ Գերմանիային. կամ մենք կընդունենք օրակարգային հարցերով արդարացի որոշումներ, կամ Թուրքիան կդադարի լինել Եվրոպայի խնդիրների ճանապարհին պատնեշ: Եվ այդ ժամանակ Եվրոպան միայնակ կմնա իր դժվարությունների հետ»,- ավելացրել է Թուրքիայի նախագահը: