Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կրկին քննադատել է Գերմանիային 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածը ցեղասպանություն ճանաչելու համար, գրում է Daily Sabah-ը:
«Գերմանիա, կրկնում եմ ևս մեկ անգամ` դուք պետք է պատասխան տաք ավելի քան 100000 նամիբիացիների կոտորածի համար»,- հայտարարել է նա Ստամբուլի Սեբահաթին Զաիմի անվան համալսարանում ելույթի ժամանակ: Էրդողանը հիշեցրել է նաև Հոլոքոստի մասին` նշելով, որ Գերմանիան պետք է Հայոց ցեղասպանության մասին արտահայտվի «ամենավերջինը»:
«Մեր պատմությունը զանգվածային սպանությունների պատմություն չէ, մեր պատմությունը բարեգթության և կարեկցանքի պատմություն է, և դրանով էլ մենք տարբերվում ենք»,- ասել է թուրք առաջնորդը: Նամիբիական ցեղասպանությունը` 1904-1907 թթ. կայզերական Գերմանիայի գաղութային զորքերի կողմից հերերո և նամա ցեղերի բնակչության մինչև 80 %-ի սպանությունն է Հարավ-արևմտյան Աֆրիկայում: Այդ ժամանակ մահացել է մոտ 75000 մարդ: 2004-ին Գերմանիան ընդունել է Նամիբիայում ցեղասպանության փաստը:
Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քննադատել է Եվրոպային՝ նրան մեղադրելով երեսպաշտության համար։ Էրդողանը հայտարարել է, որ եվրոպական երկրները, գաղութացնելով Աֆրիկան, մեծ տառապանքներ են պատճառել նրա ժողովուրդներին։ Նա նկատել է, որ Աֆրիկայի գաղութացումն իրականացվել է 16-19-րդ դարերում, և 1890 թվականի դրությամբ եվրոպական երկրների վերահսկողության տակ էր գտնվում Աֆրիկայի 90 տոկոսը:
«Մենք տեսնում ենք, որ Աֆրիկայի գաղութացումը ժամանակակից ձևերով շարունակվում է։ Ռուանդայի սպանդի հետևում կանգնած է Ֆրանսիան։ Մենք էկրաններից հետևում ենք Ֆրանսիայում ոստիկանության գործողություններին։ Զարգացումները մտահոգիչ են։ Գեզի այգում 12 ծառ կտրելու համար մտահոգություն էին հայտնել, մինչդեռ այս դեպքում մտահոգություն չեն հայտնում»,- ասել է նա։