ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ դաշինքը պետք է համագործակցի Ռուսաստանի հետ Սիրիայում հակամարտության լուծման համար։
«Ռուսաստանը մեր գլխավոր հարևանն է և այդպիսին էլ կմնա։ Նա, օրինակ, դրական դեր է խաղացել միջուկային ծրագրով Իրանի հետ համաձայնագրի հասնելու կամ Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման գործում։ Մենք պետք է շարունակենք աշխատել Մոսկվայի հետ՝ Սիրիայում քաղաքական լուծում գտնելու համար»,- հայտարարել է նա։
Ստոլտենբերգը մեկնաբանել է նաև հուլիսի 8-9-ին Վարշավայում կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովից առաջ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը և ընդգծել. «Հանդիպման ամսաթիվը պետք է որոշվի Մոսկվայի հետ։ Մեզ համար կարևոր է երկխոսություն վարելն ու միմյանց հետ զրուցելը»։