Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն առաջարկել է ստուգել Հայոց ցեղասպանության բանաձևը Գերմանիայի Բունդեստագի քննարկմանը ներկայացրած Ջեմ Օզդեմիրի արյունը՝ թուրք լինելը ստուգելու համար:
«Ստացվում է՝ խելացի մեկը մի բան է պատրաստել և գերմանական խորհրդարան ներկայացրել: Ծնվել և մեծացել է Գերմանիայում, դու ի՞նչ արխիվներում ես եղել, ի՞նչ ես հասկանում այդ թեմայից: Եվ նա իբր թո՞ւրք է: Ի՞նչ թուրք: Նրա արյունը պետք է լաբորատորիայում ստուգել: Մարդը, ում մեջ այս ժողովրդի արյունն է հոսում, չի մեղադրի նրան ցեղասպանության համար: Նրանց մեկը վերևից ուղղորդում է, բայց թե ինչի համար՝ դա է կարևոր»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում Սեբահաթին Զաիմի անվան համալսարանի շրջանավարտների առաջ: