ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն ու Ֆրանսիայի փոխդեսպանը Ֆրանսիայի դեսպանատանը հանդիպեցին լրագրողների հետ՝ ներկայացնելու սպորտային ֆիլմերի համատեղ փառատոնի ծրագիրը: Օգտվելով առիթից լրագրողները հարց ուղղեցին առաջիկայում սպասվող ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հայ-ադրբեջանական բանակցություններից ակնկալիքների մասին:
ՀՀ-ում Ֆրանսիայի փոխդեսպան Նիկոլա Ֆայն ասաց, որ ԱԳ նախարարների հետ վերջին հանդիպումից հետո փաստաթուղթ է ներկայացվել կողմերին: «Բոլորովին վերջերս Մինսկի խմբի համանախագահների մակարդակով տեղի է ունեցել հանդիպում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Նպատակն էր նախապատրաստել ապագա գագաթնաժողովը: Միաժամանակ փորձելով վերահաստատել Վիեննայի գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնությունները, որը վստահության մեխանիզմների մշակմանն ուղղված քայլ էր»,- ասաց փոխդեսպանը՝ հավելելով. «Երբ խոսում եմ միջոցառման մասին, առաջին հերթին ենթադրում եմ ԵԱՀԿ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի լիազորությունների ընդարձակում և շփման գծի մշտադիտարկման հարցը: Հանդիպումը կկայանա ԵԱՀԿ գործող նախագահի հովանու ներքո, ԵԱՀԿ գործող նախագահությունը ստանձնել է Գերմանիան»:
Քայլեր արվո՞ւմ են Մինսկի խմբի համանախագահների կողմից՝ հրադադարի պահպանման համար՝ հարցին պատասխան Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը պատասխանեց, որ Վիեննայի պայմանավորվածությունից հետո շփման գծում արտառոց դեպքեր տեղի չեն ունեցել: «Առանց հետաձգելու պետք է վերսկսվեն բանակցությունները խնդրի կարգավորման ուղղությամբ: Իհարկե՝ ամենակարևորը հրադադարի պահպանումն է»: